«Տիգրան Ուրիխանյանի նշած խնդիրը միայն մեխանիկական վրիպման հետևանք է եղել». Տիգրան Մուկուչյան
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների նախնական արդյունքները հրապարակելուց հետո «Բարգաված Հայաստան» կուսակցության ցուցակով առաջադրված Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ թիվ 4/40 ընտրատեղամասում անհայտացել են իր օգտին քվեարկած քաղաքացիների ձայները։
Ըստ նրա, ԿՀԸ-ի ներկայացրած ձայների քանակը չի համապատասխանում թիվ 4/40 ընտրատեղամասի ձայների թվին. «Սա՝ միայն մեկ տեղամասում (թիվ 4/40)։ Աստված գիտի՝ էլ քանի տեղ ու քանի ձայն են գողացել։ Հերթով ստուգում ենք ու բացելու ենք»,- գրել էր Տ. Ուրիխանյանը։
Նշենք, որ նա առաջադրվել էր Արաբկիրը, Աջափնյակը և Դավիթաշենն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում։
168.am-ի հետ զրույցում Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ, իր հայտարարության հետ միասին, ֆեյսբուքյան էջում հրապարակել է նաև կնքված հայտարարությունը, որտեղ պարզ երևում է, որ ԿՀԸ-ի հրապարակած ձայների թիվը զրո է։
«Ենթադրությունը թողնում եմ ձեզ, իսկ մենք պատրաստվում ենք օրենքով սահմանված կարգով իրականացնել բոլոր ընթացակարգերը, այդ թվում՝ մյուս տեղամասերում ևս։ Որովհետև սա կոնկրետ կասկածներ է հարուցում։ Ցավում եմ, որ նման դեպքերը ստվերում են ընտրական այս գործընթացը, ակնկալում եմ ԿՀԸ-ի և, հետևաբար՝ իրավապահների արձագանքը»,- նշեց Տիգրան Ուրիխանյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ իր ներկայացուցիչն արդեն դիմել է ԿՀԸ-ին, որտեղից նշել են, որ դեռևս կարող են լինել անճշտություններ, և յոթ օր անց կհրապարակվեն վերջնական տվյալները.
«Իմ ներկայացուցչի հարցին, որ յոթ օր անց արդեն բողոքարկելու հնարավորություն չեն ունենա, նրանք էլ հաստատել են։ Ուզում եմ հասկանալ, թե սա ի՞նչ է նշանակում»,- ընդգծեց Տիգրան Ուրիխանյանը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Տիգրան Ուրիխանյանի բարձրացրած խնդրին՝ նշեց, որ քվեարկության ավարտին քվեարկության ամփոփման գործընթացը և ընտրական փաստաթղթերի պարկը, այդ թվում՝ կազմված արձանագրությունները, ներկայացնում են տարածքային ընտրական հանձնաժողով, որտեղ արձանագրության տվյալները մուտքագրվում են համակարգիչ։
«Այս գործընթացը շատ ծավալուն է, որովհետև յուրաքանչյուր տեղամասի հետ կապված՝ մուտքագրվում են բավականին մեծ թվով տվյալներ, մուտքագրվում են ոչ միայն կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկները, այլև տարածքային յուրաքանչյուր թեկնածուի կողմ քվեաթերթիկները։ Երբ ԿՀԸ-ն ստանում և դրանք հրապարակում է, ամեն անգամ հրապարակելուց ուղղակի տեղեկացնում է, որ դրանք նախնական տվյալներ են, որոնք ստացվել են էլեկտրոնային եղանակով։ Այս ամենից հետո ԿՀԸ-ն ստանում է արձանագրություններ և սկսում է դրանք համեմատել մինչ այդ ստացած տվյալների հետ»,- տեղեկացրեց Տ. Մուկուչյանը։
Ըստ նրա, կոնկրետ Տ. Ուրիխանյանի նշած խնդրի հետ կապված՝ այն, ինչ նշվում է ԿՀԸ-ի արձանագրության մեջ, իրականում նշված է այն թիվը, որը նշել է Տ. Ուրիխանյանը, մոտավորապես 15 ձայնի տարբերությամբ։
«Սա բացառապես մեխանիկական վրիպման արդյունքում չի մուտքագրվել համակարգիչ, ինչը բնավ չի նշանակում, որ այն չէր մուտքագրվելու, քանի որ ներկայացրած արձանագրություններն ամեն մի տեղամասի համար ստուգվում են։ Դրանք նախ՝ մուտքագրվել են գիշերը, բացի այդ, պետք է լինի սկզբնական ինֆորմացիոն կրիչը, որպեսզի դրա հետ համադրվի։ Անկախ նման հրապարակման առակայությունից, միևնույն է՝ նման մեխանիկական վրիպումները, որոնք թույլ են տրվում, միանշանակ ենթակա են շտկման, այստեղ որևէ խնդիր չկա, խնդիրը բացառապես մեխանիկական վրիպման հետևանք է եղել»,- եզրափակեց Տ. Մուկուչյանը։
Զվարթ Խաչատրյան