Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերի հետ
Դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով Միլանում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արք. Պոլ Ռիչարդ Գալագերի հետ:
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծեցին Հայաստանի և Վատիկանի միջև հարաբերությունների բարձր մակարդակը՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով ձեռնարկելու գործնական քայլեր քաղաքական երկխոսության հետագա ամրապնդման և երկկողմ օրակարգի առավել հարստացման ուղղությամբ: Երկկողմ հարաբերությունների խթանման հարցում առանձնահատուկ կարևորվեցին Հռոմի պապեր Հովհաննես Պողոս Երկրորդի և Ֆրանցիսկոս Առաջինի այցերը Հայաստան։
Անդրադառնալով ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման գործում Հայաստանի նախաձեռնություններին՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանն ընդգծեց «այլևս երբեք» կարգախոսի կյանքի կոչման և միջազգային հանրության՝ այս ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների առջև ծառացած մարտահրավերների և դրանց պաշտպանության ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի շուրջ։