BBC-ն ներկայացրել է Սպիտակի երկրաշարժից փրկված Անահիտ Կարապետյանի պատմությունը
Բրիտանական BBC հեռուստաընկերությունը 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ ռեպորտաժ է պատրաստել երկրաշարժի ականատես Ա Անահիտ Կարապետյանը BBC-ին ներկայացրել է իր պատմությունը:
Նա պատմել է երկրաշարժի ժամանակ ինքը եղել է 15 տարեկան: «Ես սովորում էի 8-րդ դասարանում: Մեզ մոտ ֆիզիկայի դաս էր, երբ ձայն լսեցինք, որը նման էր ամպրոպի: Ուսուցչի հետևի պատը սկսեց փլվել: Երբ ես ուշքի եկա, զգացի, որ չեմ կարողանում շնչել, բերանս հող էր լցվել: Ես ինքս ինձ հավաքեցի և նայեցի շուրջս: Կողքս իմ դասընկեր Գարիկն էր: Նա փորձում էր շարժվել: Բետոնե կտորը ընկել էր իր ստամոքսին ու իմ ոտքին: Մենք երկու քարերի արանքում էինք: Ես երկու ժամ հետո լսեցի մորս ձայնը: Փոքր անցք կար այդ քարերի արանքում, և ես հասա դրան, դուրս հանեցի ձեռքս ու ասացի՝ մայրիկ, ես այստեղ եմ, սա իմ ձեռքն է: Նա խնդրում էր, որ ինձ փրկեին: Այդ պահին ես մտածեցի, որ, միգուցե, իմ ընտանիքի անդամներից ոչ ոք ողջ չի մնացել, միգուցե, ես և իմ մայրը միակն էինք, և հանուն մորս ես պարտավոր էի ողջ մնալ: Հետո ես լսեցի իմ պապիկի ձայնը: Պապիկս մեխանիկ էր, նա շատ խելացի մարդ էր և հասկացավ, որ չեմ կարող շարժվել, եթե շարժվեի, մնացած հատվածն ամբողջությամբ կթափվեր մեր վրա: Ես լսեցի, որ ամբարձիչ կռունկներ են բերում: Նրանց հաջողվեց հեռացնել բոլոր սալաքարերը և ազատել ինձ ու Գարիկին։ Մեզ շտապ օգնության մեքենայով տեղափոխեցին մոտակա հիվանդանոց»,-հիշել է ականատեսը:
Նա հետո է իմացել, որ մայրը մնացել է Սպիտակի դպրոցում: Անահիտ Կարապետյանը պատմել է, որ մայրն իր որդու մարմինն էր տեսել փլատակների տակ: Նա հիշել է, որ մայրն այնպիսի վիճակում է եղել, որ հրաժարվել է գալ ինչպես իր եղբոր, այնպես էլ հոր թաղմանը:
«Բայց իմ պապն ասաց, որ նա պետք է ընդունի եղածը և չպիտի կորի թախիծի մեջ, քանի որ 3 երեխա ունի մեծացնելու: Պապիս խոսքերը մեծ ուժ տվեցին մորս: Մենք ինքներս մեր մեջ ուժ գտանք փրկվելու և ապրելու համար»,-եզրափակել է Անահիտ Կարապետյանը:
Անահիտ Կարապետյանը նաև պատմել է, որ իր դասընկերոջ՝ Գարիկի կյանքը փրկել չի հաջողվել: