Բաժիններ՝

Եվրամիությունն սկսում է Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի ստորագրման ընթացակարգը

Եվրամիությունն սկսում է հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագրի ստորագրման պաշտոնական ընթացակարգը: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը: «Եվրահանձնաժողովն այսօր սկսում է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի ստորագրման եւ ավարտման ընթացակարգը»,- ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ:

Դրանում պարզաբանվում է, որ «ԵՀ-ն ընդունել է այն առաջարկությունները, որոնք պաշտոնապես գործարկում են Եվրամիությունում համաձայնագրի կնքման գործընթացը»: Դա նշանակում է, որ որ Եվրախորհուրդը եւ Եվրախորհրդարանը պետք է պաշտոնապես թույլատրեն գործարքի ստորագրումը, ինչից հետո այն կկարողանա ուժի մեջ մտնել 2019 թվականի մարտի 30-ին, եթե Մեծ Բրիտանիան նույնպես հավանություն տա դրան:

Ավելի վաղ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Բրյուսելի ու Լոնդոնի միջեւ ձեռք բերված համաձայնագիրը միակ հնարավորն է: Նա ասել է, որ Մեծ Բրիտանիան պետք է ընտրություն անի առանց համաձայնագրի Եվրամիության կազմից դուրս գալու («կոշտ» Brexit) եւ Brexit-ից հրաժարվելու միջեւ, եթե երկրի խորհրդարանը դեկտեմբերի 11-ին հավանություն չտա ԵՄ-ի՝ նոյեմբերի 25-ի գագաթնաժողովում հաստատված համաձայնագրին:

«Խորհրդարանում քվեարկությունից մի քանի օր առաջ ավելի ու ավելի ակներեւ Է դառնում, որ այդ համաձայնագիրը լավագույնն է բոլոր հնարավորներից եւ իրապես՝ միակ հնարավորը»,-հավելել է նա: ԵՄ-ի երկրների ղեկավարները նոյեմբերի 25-ին հաստատել են Brexit-ի պայմանների վերաբերյալ Մեծ Բրիտանիայի հետ համաձայնագիրը եւ Լոնդոնի հետ ապագա հարաբերությունների մասին քաղաքական հռչակագիրը: Ուժի մեջ մտնելու համար համաձայնագիրը պետք է ստանա Եվրախորհրդարանի եւ բրիտանացի օրենսդիրների հավանությունը: Վերջիններս այն պետք է քննարկեն դեկտեմբերի 11-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս