Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնատվությունը կարող է Թբիլիսիում չանցկացվել
Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնատվության արարողությունը կարող է Թբիլիսիում չանցկացվել: Ինչպես հայտնի է դարձել IPN գործակալությանը, պաշտոնակալման արարողության անցկացման հնարավոր վայրեր են դիտարկվում մի քանի քաղաքներ, բայց թե որտեղ տեղի կունենա նոր նախագահի երդմնատվությունը, առայժմ որոշված չէ, տեղեկացնում է«Գրուզիա Online»-ը:
Սալոմե Զուրաբիշվիլի երդմնատվությունը նշանակված է դեկտեմբերի 16-ին: Մինչդեռ «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորումից նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն դեկտեմբերի 2-ին Ռուսթավելի պողոտայում կայացած բողոքի հանրահավաքում իշխանություններից պահանջել է մինչեւ դեկտեմբերի 16-ն ստեղծել բողոքողների պահանջների կատարման աշխատանքային խումբ: Գլխավոր պահանջներից մեկը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է համամասնական համակարգով:
Դրա հետ մեկտեղ միավորված ընդդիմությունը չի ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները եւ մտադիր է դատարան դիմել դրանք անվավեր ճանաչելու պահանջով: