«Պետությունը գումար է տրամադրում պետպատվերի շրջանակներում բուժվելու համար, սակայն որևէ մեկն այդ ամենից արժանապատիվ չի կարողանում օգտվել». Գագիկ Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Ապարան քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ մի շարք ոլորտներում առկա խնդիրներին և բարեփոխումներին։
Ըստ նրա, որևէ ուսանող ուսման վարձի պատճառով չպետք է դուրս մնա ուսումնական հաստատությունից, նրան պետք է հնարավորություն տրվի սովորել ու աշխատել, որից հետո տարիների ընթացքում մաս-մաս վճարել ուսման վարձը։
Անդրադառնալով առողջապահության ոլորտին, Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ պետությունը գումար է տրամադրում պետպատվերի շրջանակներում բուժվելու համար, սակայն որևէ մեկն այդ ամենից արժանապատիվ չի կարողանում օգտվել։
«Գնում, խնդրում են, ցուցակում հերթագրվում են, հետո գնում ու տեղեկանում, որ պետպատվերը վերջացել է։ Յուրաքանչյուր վայրում թող լինի մեկ պետական հիվանդանոց, որպեսզի ժողովուրդը լիարժեք գնա ստուգվի, բուժվի։ Չեմ ասում՝ վերևից աստղեր իջեցնենք, եթե ծրագիր են որոշել մեր ժողովրդի համար և տեսնում են, որ այն իրեն չի արդարացնում, ուրեմն պետք է փոխեն այնպես, որ ժողովուրդը զգա՝ իր մասին մտածում են»,- նշեց Գագիկ Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ բոլորն էլ ապարանցիներին գիտեն, թե ինչ ազգասեր, հզոր հյուրասեր մարդիկ են, գիտեն նաև ապարանցիների համառությունը։
«Գիտեք, լրագրողներն ինձ շատ-շատ են սիրում, ինչքան ինձ են սիրում, հինգ այդքան էլ ես եմ իրենց սիրում։ Բայց երբեք Ծառուկյանին քաղաքական հարց չեն տալիս, ասում են՝ պարող Ծառուկյան դուք ասացիք, հո ապարանցի՞ չեք, ես էլ պատասխանեցի, որ՝ աղջիկ ջան, դուք գիտեք, որ ապարանցիները շատ համառ են, հարց եք տալիս, չեք սպասում պատասխանեմ»,- ասաց Գ. Ծառուկյանը։
Նա վստահեցրեց, որ ամեն ինչ լավ է լինելու, պարզապես այսօր տնտեսական հեղափոխության կարիք կա, որը մարդկանց աշխատանք կտա, որպեսզի նրանք աշխատեն ու ապրեն։
«Այսօր մենք անծայրածիր հողեր ունենք, դրանք պետք է մշակվեն, գործարաններ կառուցվեն, արտադրանք տան ու արտահանեն։ Այդ ամենն անելու համար պետք է մշակել ներդրումների ծրագիր բոլոր ոլորտների համար, որն այսօր չկա։ Պետք է լինի ոլորտի ծրագիրը և ներդրումների համար այնպիսի պայմաններ, որ ներդրողը շահագրգռված գա, ներդրումներ անի։ Ձեր աչքի առջև է Արաբական Միացյալ Էմիրությունները, ծովի ափին մի քանի շենքեր էին, բայց 20 տարի հետո տեսնում ես՝ աշխարհի ամենագեղեցիկ երկիրն է՝ բոլոր հարմարություններով։
Հարկ չեն վերցրել, ազատ գոտի են սարքել, միայն Չինաստանը 220 մլրդ դոլար է ներդրել, Անգլիան՝ 120 մլրդ, ներդրումներն այնքան շատ է, որ այս տարի այլևս տեղ չկա։ Արդեն հարկեր են դրել, այս տարի՝ 5 տոկոս, գուցե հաջորդ տարի լինի 10 տոկոս, նույնն էլ մենք պետք է անենք, սիրելի ժողովուրդ։ Ամենակարևորը, որ մարդ պետք է ցանկություն ունենա, արած գործ, անցած ուղի, միայն անգիր անելը պրակտիկա չէ։ Այսօր անհրաժեշտ է, որ մեր պետությունը հզոր լինի, մենք շատ խնդիրներ ունենք, հաշվի են նստում միայն հզոր պետության հետ»,- ընդգծեց Գ. Ծառուկյանը։
Զվարթ Խաչատրյան