Թրամփը խնդրել է Պակիստանին՝ օգնել լուծելու աֆղանական հակամարտությունը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Պակիստանի վարչապետ Իմրան Խանին հղած նամակում Իսլամաբադին խնդրել է օժանդակել աֆղանական հակամարտության լուծման գործում: Դեկտեմբերի 3-ին այս մասին հաղորդելէ Geo.tv հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական զանգվածային լրատվամիջոցներին Խանի արած հայտարարությունները:
Մասնավորապես, Թրամփը հույս ունի, որ Պակիստանը կկարողանա «Թալիբան» արմատական շարժման ղեկավարությանը համոզել միանալու հաշտության բանակցություններին:
«Նախագահ Թրամփն ուղերձ է հղել, նա Պակիստանին խնդրել է աջակցություն ցույց տալ՝ «Թալիբանի» ղեկավարությանը բանակցությունների սեղանի շուրջը նստեցնելու համար»,- Խանի հայտարարությունը մեջբերում է հեռուստաալիքը: Վարչապետը նաեւ նշել է, որ իր երկիրը «հնարավոր բոլոր քայլերը կանի Աֆղանստանում խաղաղություն հաստատելու համար»:
Այս նամակը Թրամփն Իսլամաբադ է ուղարկել այն բանից հետո, երբ նոյեմբերի 21-ին հանդես եկավ Պակիստանին ուղղված կշտամբանքներով եւ հայտարարեց նրան ցուցաբերվող ֆինանսական օգնությունը դադարեցնելու մասին՝ ահաբեկչության դեմ պայքարում աջակցության բացակայության պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: