«ՀՀ կառավարությանն Արցախի դեմ դավադրության մեջ մեղադրող մարդիկ պետք է բացատրություն տան համապատասխան մարմիններին և հանրությանը». Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կոչ է անում չհավատալ քաղաքական էժան դիվիդենտներ շահելու համար արվող սադրիչ հայտարարություններին, թե Հայաստանի կառավարությունը ներգրավված է Արցախի դեմ ինչ-որ դավադրության մեջ:
Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արարատ քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը նա նշեց, որ քննադատությունն ընդհանրապես կարևոր է կառավարության համար, ժողովրդավարական հասարակության մեջ քննադատությունն առաջընթացի կարևոր գործիք է, բայց չի կարելի սեփական նեղ շահի համար սուտը տարածել և հարվածել ազգային անվտանգությանը:
«Այսօր քաղաքական ուժեր կան, որոնք այդ ճանապարհով են գնում: Ոմանք փորձում են մեզ մեղադրել Արցախի դեմ ինչ-որ դավադրությունների մեջ ներգրավված լինելու համար: Մենք կարող ենք հասկանալ նաև նախընտրական տրամաբանությունը, բայց, երբ այդպիսի լուրջ մեղադրանքներ են ներկայացվում, դա արդեն միայն քաղաքական հարթակում քննարկելու հարց չէ: Այո, այդ մարդիկ պետք է գնան և համապատասխան մարմիններին տան բացատրություններ: Նաև հանրության առաջ թող կանգնեն և պատասխան տան»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելեց՝ երբ ասում են, որ այս հեղափոխությունը դավադրություն է Արցախի և Հայաստանի դեմ, ժողովուրդը պետք է բացատրություն պահանջի, թե դա ի՞նչ դավադրություն է, այդ ի՞նչ տեղեկատվություն է:
«Իհարկե, դա սուտ է, որովհետև հեղափոխությունն արել է ժողովուրդը, և, եթե որևէ մեկը հեղափոխությանը մեղադրում է Հայաստանի կամ Արցախի դեմ դավադրության մեջ, ուրեմն նա ժողովրդին է մեղադրում Արցախի և Հայաստանի դեմ դավադրության մեջ: Մենք ասել եք, որ Արցախի հարցը լուծողը կառավարությունը չէ, այդ հարցի լուծողը ժողովուրդն է, և ինչ կառավարություն էլ լինի, չի կարող ժողովրդի թիկունքում որևէ քայլ անել»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:
Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության շուրջ քննադատություններին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շատ կարևոր բան է փոխվել ՀՀ արտաքին քաղաքականության մեջ:
«Փոխվել է այն, որ Հայաստանում հաստատվել է մի կառավարություն, որ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի ոչ մի անկյունում ոչ մի բիզնես շահ չունի: Եվ ես ուղիղ եմ ասում՝ Հայաստանում հաստատվել է մի կառավարություն, որի վրա աշխարհում ոչ մեկը ոչ մի կոմպրոմատ չունի և չի կարող ունենալ: Ես ձեզ հստակ ասում եմ՝ միգուցե կոշտ է հնչում, բայց մեր երկրագնդի վրա չկա այդպիսի ուժ, որ մեր կառավարության վրա ազդելու որևէ լծակ ունենա: Մեր կառավարության վրա ազդելու միակ բացառիկ ուժը կա և կլինի հայ ժողովուրդը և Հայաստանի քաղաքացին»,- ասաց Փաշինյանը: