«Ադրբեջանին սպառազինություն վաճառվում է, իսկ Հայաստանին տրամադրվում է». Զատուլին
«Մենք պետք է հաշվի առնենք սպառազինության վաճառքի վերաբերյալ Հայաստանի մտահոգությունները»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ առաջացած իրավիճակին:
Զատուլինն ասաց, որ թեկնածության հարցը շատերի համար ձեռք է բերել դարակազմիկ նշանակություն այն դեպքում, երբ նախկինում այս պաշտոնով չէին էլ հետաքրքրվում:
«Չեմ ուզում պատասխանել այդ հարցին, քանի որ որոշում չկա, ինչպես մենք ենք հասկանում, որոշում կկայացվի դեկտեմբերի 6-ին: Ես լիազորված անձ չեմ ՀԱՊԿ-ում, որոշումների կայացմանը չեմ մասնակցում, կարող եմ ենթադրել, բայց իմ ենթադրությունները կարող են տարբեր կերպ մեկնաբանվել: Եթե ես ենթադրություններ ասեմ, ապա բնականաբար ինչ-որ մեկը դժգոհ կմնա, չեմ ցանկանում խորացնել խնդիրը»,- ասաց Զատուլինը: Ըստ նրա՝ կազուս է առաջացել, և պետք է այն լուծել:
Հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ ՀԱՊԿ անդամ երկու երկրներ սպառազինություն են վաճառում Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին, Զատուլինը պատասխանեց, որ Բելառուսի դատավորը չէ:
Նրա խոսքով, նման բնույթի հարցերը պետք է քննարկվեն, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակում և եթե դա դուրս է գալիս գործընկերային հարաբերությունների սահմաններից, ապա դրա վերաբերյալ որոշումներ պետք է կայացվեն:
«Որքան ես գիտեմ, պաշտոնական քննարկումներ չեն եղել սպառազինության վաճառքի արգելքի կամ թույլտվության վերաբերյալ: Ուշադրություն հրավիրեմ այն հանգամանքի վրա, որ, եթե սպառազինության վաճառքի մասին է խոսք գնում, ապա Ադրբեջանին վաճառվում է, իսկ Հայաստանին՝ տրամադրվում: Ես անձնապես կարծում եմ, որ մենք պետք է նկատի առնենք Հայաստանի մտահոգությունները՝ հաշվի առնելով այն, թե ինչ տեղի ունեցավ 2016 թվականի ապրիլին»,- ասաց Զատուլինը: