Զուրաբիշվիլին հայտարարել է, որ պատրաստ չէ համագործակցել Ռուսաստանի հետ
Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներկայում պատրաստ չէ համագործակցել Մոսկվայի հետ: Այդ մասին նա հայտարարել է նոյեմբերի 29-ին BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում:
«Չեմ կարծում, որ այսօր մենք կարող ենք համագործակցություն ծավալել։ Մենք Արեւմուտք ենք, մենք Եվրոպա ենք, մենք եվրոպամետ ենք: Եթե Արեւմուտքը, Եվրոպան կամ ամերիկացի մեր գործընկերներն ինչ-որ ձեւով երկխոսություն սկսեն Ռուսաստանի հետ, մենք նույնպես նրանց կողքին կլինենք, կհետեւենք նրանց, որպեսզի հարգվեն մեր սկզբունքները, մեր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը»,-ասել է նա: Զուրաբիշվիլին նշել է, որ Մոսկվայի հետ Թբիլիսիի երկխոսությունը պետք է ընթանա Վրաստանի «գործընկերների առաջնորդությամբ եւ աջակցությամբ»:
«Բանակցությունների ընթացքում, որոնք ես վարել եմ Ռուսաստանի հետ (2004-2005 թվականներին լինելով Վրաստանի արտաքին գործերի նախարարը), բանակցությունների յուրաքանչյուր փուլից առաջ եւ հետո ես խորհրդակցում էի Եվրամիության ղեկավարության եւ ԱՄՆ-ի դեսպանության հետ: Եվ բանակցությունների երկրորդ կողմը գիտեր այդ մասին եւ ընդունում էր դա»,-ասել է Զուրաբիշվիլին:
Նա ընդգծել է, որ չի պատրաստվում լինել պետության անվանական ղեկավար՝ խոստանալով «ամենաակտիվ նախագահը» դառնալ ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման հարցերում:
«Կա երկու ուղղություն, որոնցում նախագահը կարող է շատ ակտիվ լինել: Առաջինը միջազգային քաղաքականությունն է, դա ամրագրված է Սահմանադրության մեջ: Այս վեց տարիները շատ կարեւոր են լինելու Վրաստանի համար, որը դեպի ինտեգրացում է շարժվում Եվրոպայի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի հետ»,-պարզաբանել է Վրաստանի նորընտիր նախագահը: