Նիկոլ Փաշինյանի պատասխանը մրցակիցներին. «Սրանից ավելի պարզ ո՞նց են ասում»
Այսօր Գավառում նախընտրական հանրահավաքի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատասխանեց իր մրցակիցների քննադատություններից մեկին, իբր «Իմ քայլի» ներդրումային ծրագրերն անորոշ են։
Ըստ նրա՝ երբ ինքն ընտրվելուց հետո մտել է վարչապետի սենյակ, առաջին գործերից մեկը, որին առնչվել է՝ տեղեկացրել են, որ մի գործարար փորձում է Հայաստան ներկրել բամբակի սերմեր, որպեսզի փորձնական ծրագիր իրականացնի, բայց ֆիտոսանիտարական խնդիրներ են առաջացել մաքսային մարմնում, ինքը հանձնարարել է կարգավորել և արագ ներկրել։
Փաշինյանը պատմեց, որ այդ գործարարն Արմավիրի մարզում ցանք է կատարել, և սպասվածից ավելի բերք է ստացվել։ Նա նշեց, որ Գավառի հետ այդ պատմության առնչությունն այն է, որ այդ գործարարը ծագումով Գավառի Ծովազարդ գյուղից է և այդտեղ թել մանելու գործարան է հիմնելու։ Գործարանը կսկսի աշխատել հունվարից, սկզբում՝ 200-400, հետո՝ մինչև 1200 աշխատատեղ կբացվի։
«Ես հույս ունեմ, որ սրանով Գավառը քայլ առ քայլ կվերագտնի արդյունաբերական կենտրոնի իր երբեմնի ավանդույթները։ Ես հույս ունեմ, որ Գավառի մեր հայրենակիցները նույնպես կհետևեն նրա օրինակին»,- ասաց Ն.Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ներրդումային շատ կարևոր ծրագրեր են իրականացվում. «Ռենկո» ընկերությունը պլանավորում է ստեղծել ֆոտովոլտային մարտկոցների գործարան Կոտայքի մարզում, 100 մլն դոլարի ներդրում է արվելու։ Փաշինյանը վստահություն հայտնեց, որ այդ ներդրումային ծրագիրը կիրականացվի, որովհետև գործարանի ամբողջ սարքավորումները ներկրված են և գտնվում են Հայաստանում։
Ն.Փաշինյանը ներկայացրեց ևս մի ներդրումային ծրագիր. սփյուռքի մեր հայրենակիցներից մեկը մտադրվել է «Հայէլեկտրամեքենա» գործարանի տարածքում ստեղծել գյուղմեքենայի արտադրություն։
«Ընդհանուր առմամբ՝ 589 մլն դոլարի ներդրումային ծրագրեր են քննարկվում։ Մենք ամեն ինչ կանենք, որ դրանք բոլորն իրականություն դառնան»,- ասաց Ն.Փաշինյանը։
Նա նկատեց, որ քննադատություն կա, թե առաջնահերթությունները պարզ չեն, և հարցադրում արեց.
«Սրանից ավելի պարզ ո՞նց են ասում։ Հիմա ասում եմ ծայրահեղ պարզ՝ ԶՈՒ բնականոն զարգացում և ՀՀ-ում տնտեսական հեղափոխություն։ Սրանք մեր օրակարգերն են»։