«5 երեխա ունեցողների դեպքում առաջարկում ենք տալ անվճար բնակարաններ». Արթուր Բաղդասարյան

ՕԵԿ նախագահ, կուսակցության ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպեց առողջապահության, սոցիալական ոլորտի և հանրային սեկտորի ներկայացուցիչների հետ:

«Ժամանակն է՝ Հայաստանում առողջապահության ոլորտում օր առաջ ներդնել ապահովագրական համակարգ: Տեսե՛ք, բերեցին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը փաթաթեցին ազգի վզին: Տոկոսներ են պահում, որ 40 տարի հետո կարողանաս դա օգտագործել: Միանգամայն մերժելի համակարգ: Մենք սրա փոխարեն՝ շատ արագ կարող ենք անցում կատարել առողջապահության ապահովագրման համակարգի»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:

ՕԵԿ նախագահն ընդգծեց՝ իրենց  քաղաքական ուժի հաղթանակը նշանակում է՝ ավանդների ամբողջական վերադարձ, ներառյալ՝ մահացած ավադատուների ժառանգները:

«Շատ մարդիկ մահացել են՝ թողնելով գրքույկները: ՌԴ-ում, Ղազախստանում նրանք իրենց գումարները ստանում են: Դեռևս անցած տարի հաշվառում ենք իրականացրել, մոտ 250.000 մարդու մասին է խոսքը: Նրանք սպասում են իրենց գումարները ստանալուն: ՀՀ-ում ունենք 461.000 կենսաթոշակառու, ովքեր ստացած թոշակով չեն կարողանում գոյատևել: Այսօր ՀՀ-ում կա 200.000 միայնակ մայր: Այս սոցիալական խմբերը պետական զորակցություն չունեն: Մենք առաջարկում ենք մայրական կապիտալի մասին օրենքի ընդունում:

Կարդացեք նաև

Երեխան ծնվում է, ձևավորվում է մայրական կապիտալ: Սա ոչ միայն երեխայի կրթության ու դաստիարակության, այլև անհրաժեշտ այլ ծախսեր կատարելու համար է: ՕԵԿ հեղափոխական հաջորդ ծրագիրը հիպոթեքային բնակարանային շինությանն է վերաբերում:

Հստակ առաջարկ ունենք. հիպոթեք՝ առանց կանխավճարի: Տարեկան տոկոսադրույքը չպետք է գերազանցի 5 տոկոսը: Ծնվեց երեխան՝ պետությունը տոկոսը պետք է սուբսիդավորի: Մեկ երեխա ունես՝ մեկ տոկոսը պետք է վերցնի իր վրա: Այսպես արվում է ամբողջ աշխարհում:

Ծնված երեխային գումար տրամադրելու մասին երբ օրենք առաջարկեցինք՝ խորհրդարանում երեք տարի կռիվ էր գնում: Սկզբում ասում էին, որ անհնար է, հիմա այդ օրենքն արդյունավետ գործում է:

5 երեխա ունենցողների դեպքում էլ առաջարկում ենք տալ անվճար բնակարաններ: Նայե՛ք, վրացիներն ինչ են անում իրենց երկրում: 650.000 քաղաքացու վարկերը ներեցին: Իսկ այստեղ ազգը բանկերի ձեռքը կրակն է ընկել:

1.5 միլիոն վարկառու կա, փակելու հեռանկար էլ չկա: Երեխան եթե ծնվել է սոցիալապես անապահով ընտանիքում, ասենք՝ հայրն ու մայրը փող չունեն, այս երկրում  դատապարտված են  տուն չունենալու: ՀՀ-ում չկա սոցիալական բնակարանային շինության գաղափար, մոտեցում, ինչն առկա է ամբողջ աշխարհում: Դրա համար մեր նախընտրական ծրագրում առաջարկում ենք նորարարական լուծումներ: Պետք է հասկանանք, որ եկել է խելքով կառավարման ժամանակաշրջանը:

Դուխով ու միայնակ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էլ էին կառավարում: Հետևանքները հայ ազգը տեսավ այս 20 տարում: Հիմա եկել է մի նոր դուխով կառավարման փուլ. մենք ասում ենք՝ խնդիրները պետք է լուծել խոհեմությամբ»,- եզրափակեց ՕԵԿ նախագահը:

Անի Կարապետյան

 

Տեսանյութեր

Լրահոս