«Դուք ձեր վրա ամենաուժեղ հարկայինն եք, և էս տրամաբանությամբ մենք պետք է անենք տնտեսական հեղափոխությունը»
«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր Վարդենիսում նախընտրական հանրահավաքի ժամանակ կոչ արեց գործարարներին՝ սեփական կամքով վճարել հարկերը։
«Դուք ձեր նկատմամբ ավելի խիստ պետք ա լինեք, քան հարկային տեսչությունը։ Ես ձեզ խոստանում եմ ու երաշխավորում եմ,- ասաց Ն.Փաշինյանը՝ բերելով իր օրինակը, որ ինքն իրեն ավելի շատ է քննադատում, քան մյուսները,- Դուք ձեր վրա ամենաուժեղ հարկայինն եք, և էս տրամաբանությամբ մենք պետք է անենք տնտեսական հեղափոխությունը։ Ես հավատում եմ, որ մենք կարող ենք էդ հարցի շուրջ պայմանավորվել»։
Ն.Փաշինյանը խոսեց ՀԴՄ-ների կարևորության մասին ու նկատեց, որ մենք մի ընտանիք ենք, կարելի՞ է պատկերացնել, որ ընտանիքի մի անդամն ընդհանուրից գողանա։
Ըստ նրա՝ հարկերի վճարումը կարևոր է հայրենիքի համար, քանի որ դրանք ուղղվում են ճանապարհներին, թոշակներին, գրքերին, աշխատավարձերին, և այլն։
Ն.Փաշինյանը հայտարարեց, որ նպաստների համակարգը պետք է լիովին փոխվի, պետք է խթանվի աշխատելը։ Նա նշեց, որ իրենց քաղաքականությունն ուղղված է լինելու աշխատանքը խթանելուն։ Փաշինյանի խոսքով՝ Սևանի շուրջ ճանապարհները պետք է լինեն նորմալ վիճակի, օրինակ՝ Ճամբարակից Վարդենիս հատվածը վատ վիճակում է, իսկ լավ ճանապարհների առկայությունը կփոխի Վարդենիսի տարածաշրջանում մթնոլորտը։