«Ես վատ լուր ունեմ` զինվորին գտել են, մահացած են գտել». Նիկոլ Փաշինյան
Այսօր Վարդենիսում նախընտրական հանրահավաքի ժամանակ քաղաքացիներից մեկը «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց օրեր առաջ կորած զինծառայողի մասին։
«Որոնողական աշխատանքներ են կատարվում, ԶՈՒ ԳՇ պետը զեկուցել է այդ դեպքի մասին, 3 օր է, որոնողական աշխատանքներ են տարվում, բավարար ուժեր են ներգրավված այդ խնդիրը լուծելու համար»,- ասաց Փաշինյանը։
Դիտարկմանը, որ կորածին գտել են, նա արձագանքեց, թե իրեն այդ մասին դեռ ոչ մի բան չեն ասել և սկսեց ստուգել հեռախոսը, ապա խոստացավ ճշտել ու ելույթի վերջում անդրադառնալ հարցին։
Հանրահավաքի ավարտին Ն.Փաշինյանն ասաց. «Ես վատ լուր ունեմ` զինվորին գտել են, մահացած են գտել»։
Նրա առաջարկով՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զինվորի հիշատակը։ Փաշինյանը ցավակցություն հայտնեց նրա բոլոր հարազատներին ու ընկերներին, և հավելեց, որ դեպքը մանրամասն կհետաքննվի։
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԻՆ-ում նոյեմբերի 27-ին «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում քաղաքացի Մ. Հ.-ն (1994 թ.) մնացել է ձնահյուսի տակ: