«ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի համար կարող է լինել բոքսի տանձիկ խորհրդարանում». Էդմոն Մարուքյան

«Արցախի հետ կապված հարցը շահարկվում է նախկին իշխանության կողմից. այնպես է շահարկվում, իբր թե իրենք ամեն ինչ անում էին Արցախի անվտանգության համար, իրենք այնպես են արել, որ ապրիլյան պատերազմի ժամանակ այդքան զոհ չունենանք, հիմա էլ խոսում են»,- Էջմիածնում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը։

Նա հիշեց, որ ապրիլյան պատերազմից հետո պատվիրակությունով մեկնել են Արցախ, այնտեղ եղել է բարձրաստիճան հանդիպում, որին մասնակցել են  Հայաստանի ղեկավարներից ևս.

«Արցախի իշխանություններից մոտավորապես այսպիսի միտք հնչեց, որ, եթե այս տարիներին ամեն զոհի համար մեկ մլն դոլար ավելի ներդրում արված լիներ առաջնագծի վրա, մենք այդ զոհերը չէինք ունենա։ Եվ հարց էր առաջանում՝ լավ, մենք չունե՞նք այդ հարյուրքանի միլիոն դոլարը, որ նման խնդիր չունենանք։ Բնականաբար, ունեցել ենք, տեսել ենք, թե ինչի վրա է ծախսվել, օրինակ՝ ՊԵԿ-ի ուսումնական կենտրոն է կառուցվել Դիլիջանում, կարող եմ թվարկել։ Մարդիկ կտրված են եղել իրական կյանքից, իրենց պալատներում ապրել են, անգամ խանութ չեն գնացել, որ իմանան՝ ապրանքները թանկանում են, այդպես հիմա իշխանությունից ընկել են։ Հիմա էլ են կյանքից կտրված ու ուզում են լինել ընդդիմություն։ Ես տեսա, որ Վիգեն Սարգսյանն առաջարկել է՝ անձամբ ինքը Փաշինյանի հետ բանակցի, հասկանում եմ իրենց ռազմավարությունը՝ ուզում են լինել լուրերի գլխագրերում»։

ՀՀԿ-ն, ըստ նրա՝ չի կարող լինել ընդդիմություն. «ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի համար կարող է լինել բոքսի տանձիկ խորհրդարանում, որ ձեռքը պարապեցնի վրաները։ ՀՀԿ-ն ուզում է լինել բոքսի տանձիկ, բայց մեզ բոքսի տանձիկ պետք չէ։ ՀՀ քաղաքացիները հասկանում են՝ ինչ է կատարվում»։

Տեսանյութեր

Լրահոս