Բաժիններ՝

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը Բրյուսելում մասնակցել է ԵՄ Արևելյան գործընկերության՝ օրենքի գերակայության հարթակի հանդիպմանը

ՀՀ պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը և ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Տիգրան Գրիգորյանը, Բրյուսելում մասնակցել են ԵՄ արևելյան գործընկերության՝ օրենքի գերակայության հարթակի հանդիպմանը:

Ինչպես այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, հարթակի շրջանակներում քննարկվել են Արևելյան գործընկերության երկրներում արդարադատության աջակցության հիմնախնդիրները: Մասնավորապես՝ քննարկվել են պետական մարմինների համակարգում դատախազության տեղին և դերին, դատախազության անկախության և հաշվետվողականության երաշխավորմանը, դատախազների նշանակման և առաջխաղացման թափանցիկությանը վերաբերող հարցեր:

Դավիթ Մելքոնյանը ներկայացրել է իրականացված սահմանադրական փոփոխությունների և «Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքի համատեքստում դատախազության առկա իրավական կարգավիճակը, դրա հստակեցմանն ուղղված բարեփոխումների ընթացքը: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ իրականացված բարեփոխումները կանխորոշել են Հայաստանում դատախազության զարգացման ուղիները, դրել համակարգային անկախության, հաշվետվողականության ամրապնդման ամուր հիմքեր:

ԵՄ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել հետայսու ևս շարունակել դատախազության շարունակական բարեփոխումներին ուղղված համագործակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս