Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբին
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի ԵՄ անդամ երկրների պատվիրակներին (COEST): Պաշտպանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է ԵՄ-ի հետ համագործակցության կարևորությունը՝ մասնավորապես, մարդու իրավունքների երկխոսության և բյուջետային աջակցության ծրագրերի շրջանակում:
Ինչպես տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը ներկայացրել է Պաշտպանի աշխատակազմի լիազորությունները, աշխատանքի սկզբունքներն ու ուղղությունները: Նա հատկապես կարևորել է Սահմանադրական դատարան դիմումներ ու հատուկ կարծիքներ ներկայացնելը, ինչպես նաև ՄԻԵԴ-ում որպես երրորդ կողմ ներգարվվելու բացառիկ պրակտիկան:
Պաշտպանը նշել է, որ առանձնակի ուշադրություն է դարձվում կանանց, երեխաների ու հաշմադամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը:
ԵՄ անդամ երկրների պատվիրակները բարձր են գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը և նշել, որ այս հաստատությունը երկրի իրավական համակարգում կենտրոնական դեր է զբաղեցնում՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու համագործակցությունը գործընկեր կառույցների հետ մարդու իրավունքների երաշխավորման ուղղությամբ: