«Նոր քաղաքական գործիչների ժամանակն է. «Լուսավոր Հայաստանը» լինելու է երկրորդ ուժը». Մանե Թանդիլյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի երկրորդ համար Մանե Թանդիլյանը ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ է անում դեկտեմբերի 9-ին մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
«Քաղաքացիների արձագանքը շատ դրական է, ուղղակի հույս ունեմ, որ դեկտեմբերի 9-ին կգնան ընտրության, որովհետև շատ հաճախ զբաղված են լինում այլ գործերով, բայց այդ օրն ընտրություններից առավել կարևոր գործառույթ չունեն։ Դա միակ օրն է, որ իրենք կարող են մասնակցել պետության կառավարմանը»,- այսօր ԼՀԿ քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Պատգամավորի թեկնածուն նշեց, որ քաղաքացիները պետք է ընտրեն այն ուժին, որն այս տարիներին ապացուցել է՝ հասանելի է քաղաքացիների համար, լսում է նրանց. «ԼՀԿ-ն հենց նման թիմ է բերում։ Ընտրությունները նոր Հայաստանում են տեղի ունենում, այստեղ չպետք է օգտագործվեն վարչական լծակներ, արտոնություններ, և ուժերը հավասար մրցակցային պայմաններում պետք է լինեն»։
Մանե Թանդիլյանը մյուս կուսակցությունների նախընտրական ծրագրերին չի հասցրել ծանոթանալ. «Բայց քաղաքացիներն ասում են՝ չկան ուժեր, որ վատ բաներ ունենան ծրագրում, բայց թե ովքեր և ինչպես են կարողանում այն իրացնել, ականջալուր լինել քաղաքացիներին, այլ հարց է։ Մենք խորքային ծանոթ ենք Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրներին, և այսօր մեր առաջին մարտահրավերն է՝ Հայաստանը տնտեսապես զարգացնել և լուծել սոցիալական խնդիրները»։
Նրա համար ակնհայտ է, որ «Լուսավոր Հայաստանը» լինելու է երկրորդ ուժը. «Նոր Հայաստանում քաղաքական ուժերն էլ պետք է նորը լինեն։ Նոր քաղաքական գործիչների ժամանակն է, ԼՀԿ-ն հենց այդ ազդակն է ստանում քաղաքացիներից։ Այսուհետ ժամանակն է զսպումների, վերահսկման իրական մեխանիզմների ներդրման։ Լավագույն ուժը, որ կարող է մեր քաղաքացիներին ներկայացնել ԱԺ-ում և այլ հարթակներում, ԼՀԿ-ն է»։