«Փաշինյանի գլխավորությամբ ամեն ինչ արվում է, որպեսզի ստվեր գցվի ընտրությունների լեգիտիմության վրա». Դավիթ Շահնազարյան

ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանն այսօրվա ասուլիսին հայտարարեց, որ, ինչպես նախկինում է ասել՝ որևէ լավ բան ընտրություններով չի լինելու, քանի որ այս ընտրությունների արդյունքում Հայաստանում չի հաստատվելու ներքաղաքական կայունություն. «Ընտրությունների արդյունքները լավագույն դեպքում ներկայացնելու են մեր հասարակության քաղաքական խճանկարն այդ պահին։ Մի քանի ամիս անց այն լրիվ այլ է լինելու»։

Դավիթ Շահնազարյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ն արել է երկու կարևոր քայլ՝ ի շահ պետության. «Առաջինը՝ այն, որ այսօր իշխող վարչախումբն անընդհատ շեշտում է, որ եղել է խաղաղ, թավշյա հեղափոխություն: Դա այդպես է եղել, դա իրենց պատճառով չի եղել, դա եղել է բացառապես նախկին իշխանությունների որոշումը։ Եթե կարծում էին, որ իշխանությունն այնքան թույլ էր, որ չէր կարող ուժ կիրառել, սխալվում էին: Ի՞նչ է, Լյովա Երանոսյանը չէ՞ր կարող ուժ կիրառել»։

Դավիթ Շահնազարյանն ասաց, որ մինչ ընտրությունները հանդիպել է ՀՀԿ ղեկավարներից մեկի հետ, որի անունը չի ուզում հայտարարել. «Ասացի՝ մասնակցելո՞ւ եք ընտրություններին, ասաց՝ եթե մենք ընտրություններին չմասնակցենք, ընտրությունների լեգիտիմությունը խիստ կասկածելի կլինի: Ու շատ վտանգավոր է այսօր ՀՀ-ում ունենալ կասկածելի լեգիտիմությամբ ընտրություններ։ Ընտրություններն արդեն փաթաթված էին մեր հասարակությանը, և չգնահատել նման փաստարկը՝ մասնակցելու, ուղղակի չի կարելի», – ասաց Դավիթ Շահնազարյանը:

Իշխող վարչախումբը՝ Փաշինյանի գլխավորությամբ, ըստ Շահնազարյանի՝ արդեն իսկ ամեն ինչ անում են, որպեսզի ստվեր գցեն ընտրությունների լեգիտիմության վրա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս