«Հըբը մենք ի՞նչ էնենք». Մարալիկցիները դժգոհեցին Փաշինյանին
Այսօր Մարալիկում նախընտրական հանրահավաքի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի թեկնածու, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը կոչ արեց քաղաքացիներին՝ իրենց ձայնը տալ դաշինքին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կրկին վարչապետ դառնա, որպեսզի վերջ տրվեն այն տանջանքներին, զրկանքներին ու բաժան-բաժան անելուն, որ եղել է անցած տարիների ընթացքում։
«Նրանք գնացին ոչ թե պատմության գիրկը, այլ դժոխքի գիրկը պետք է գնան նրանք»,- ասաց Ս. Միքայելյանը և խոսափողը փոխանցեց Նիկոլ Փաշինյանին։
Մինչ Փաշինյանի բեմ բարձրանալը մարալիկցիները դժգոհում էին, որ իրենց համայնքը միակն է, որի ղեկավարը ՀՀԿ-ական է։
Նշենք, որ Մարալիկն այժմ մաս է կազմում խոշորացված Անի համայնքին, որը ղեկավարում է ՀՀԿ անդամ Արտակ Գևորգյանը։
Ն.Փաշինյանը հարցադրում արեց, թե երկրի ղեկավարը որքանո՞վ է իրավասու ստիպել որևէ ղեկավարի հրաժարական տալ։
«Դա ժողովրդի պահանջն է»,- արձագանքեցին հանրահավաքի մասնակիցները։
Ն.Փաշինյանը նշեց, որ կառավարությունն իրավունք չունի միջամտել համայնքի խնդիրներին։
«Հըբը մենք ի՞նչ էնենք»,- իրենց հերթին՝ հարցադրում արեցին մարալիկցիները։
Ն.Փաշինյանը հայտարարեց, որ, երբ կլինեն շատ հիմնավոր փաստարկներ, որ դա համայնքի ընտրողների մեծամասնության տեսակետն է, այդ ժամանակ կառավարության միջամտության ժամանակը կգա։ Նա նկատեց, որ առանց դա էլ՝ մեղադրանք է հնչում, որ երկրում միակուսակցական համակարգ է ստեղծվում։ Ն.Փաշինյանն առաջարկեց, որ, եթե ընտրողների մեծամասնությունը համաձայն է, ստորագրություն հավաքեն և ուղարկեն կառավարություն։
Նրա խոսքով՝ Անի համայնքի ղեկավարի դեմ պայքարողները նաև իր թիմակիցներն են, բայց ինքը չի ուզում իրենց կարծիքը «փաթաթել ամբողջ համայնքի վզին»։
«Էս ծրագրում գրած ա՝ քաղաքական հետապնդումներ չեն լինելու, ինչպես նախկին իշխանություններն իրենց քաղաքական հակառակորդներին հալածել, հետապնդել են, նույնը նոր Հայաստանում չի լինելու, որևէ մեկի վրա արհեստական քրեական գործ չի հարուցվելու, որևէ մեկին որպես քաղաքական հակառակորդ՝ չենք հետապնդելու»,- ասաց Ն.Փաշինյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում համայնքն ունի իր խոսքն ասելու հնարավորություն։
Ըստ նրա՝ բոլոր համայնքներում, որտեղ կան կիսաճգնաժամային իրավիճակներ, համայնքների ղեկավարներն իրենք պետք է նախաձեռնեն արտահերթ ընտրություններ, առավել ևս՝ իշխանությունը երաշխավորում է, որ ընտրությունները չեն կեղծվելու՝ անկախ, թե ով կընտրվի. «Ոչ մի արհեստական հետապնդում չի լի-նե-լու։ Մենք հեղափոխություն չենք արել ուրիշի թալանը մեր թալանով փոխարինելու, ուրիշի ապօրինությունը մեր ապօրինությունով փոխարինելու համար»։