«Իշխանությունը ժողովրդինն է, մենք ընդամենը ժողովրդի տեղապահն ենք իշխանական». «Իմ քայլը» քարոզարշավը պաշտոնապես սկսեց Թալինից

«Իմ քայլը» դաշինքն այսօր քարոզարշավը պաշտոնապես սկսել է Թալին քաղաքից։ Դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում հայտարարեց, որ 2018 թ. ժողովուրդը հաղթել է կոռումպացված իշխանությանը և ամեն անգամ հաղթելու է, այլևս կարիք չի լինելու հեղափոխության, քանի որ այդ հեղափոխությունը յուրաքանչյուրն անելու հնարավորություն կունենա յուրաքանչյուր ընտրության ժամանակ՝ իր մի քվեաթերթիկով։

«Մենք եկել ենք կոչ անելու, որ այս ընտրություններում դուք վստահության քվե տաք «Իմ քայլը» դաշինքին»,- ասաց Ն.Փաշինյանը։

Ըստ նրա՝ ինքը ՀՀ վարչապետ է դարձել ժողովրդի կամքով և ամեն պահի կարող է թողնել պաշտոնը՝ ժողովրդի կամքով. «Իշխանությունը ժողովրդինն է, մենք ընդամենը ժողովրդի տեղապահն ենք իշխանական»։

Նա նշեց, որ այսօր պատիվ ունի ժողովրդին ներկայանալ որպես «Իմ քայլը» դաշինքի վարչապետի թեկնածու։ Ն.Փաշինյանն ընդգծեց, որ այս ընտրություններն ունեն առանձնահատկություն՝ ժողովուրդն ընտրում է ոչ միայն Ազգային ժողով, այլ նաև վարչապետ.

«Որպես վարչապետի թեկնածու ես վստահության քվե եմ ակնկալում ձեզանից»։

Նա նշեց, որ հավակնում է այդ կարգավիճակին, որովհետև հակառակը պարզապես փախուստ կլիներ, կիներ ճանապարհի կեսից դավաճանել հեղափոխությանն ու ժողովրդին, բայց ամեն դեպքում ինքը վարչապետ կլինի ժողովրդի որոշման պարագայում։

Ն.Փաշինյանի խոսքով՝ քաղաքական հեղափոխությունից հետո հիմա եկել է ժամանակը իրականացնելու տնտեսական հեղափոխություն։

Նա հայտարարեց, որ առաջիկայում ՀՀ-ն պետք է բարձրացնեն քաղաքական ու տնտեսական բոլորովին նոր մակարդակների վրա։ Ն.Փաշինյանը ներկայացրեց նախատեսվող տնտեսական փոփոխությունները՝ վերացնելու են միկրոբիզնեսի հարկումը, ինչն իրենց կողմից աշխատանքի խրախուսման արդյունքն է.

«Մինչև հիմա Հայաստանում տարվել է այն քաղաքականությունը, որ քաղաքացին հնարավորինս խեղճ լինի, միշտ վիզը ծռած կանգնի, մարզպետների, քաղաքապետների, օլիգարխների, պատգամավորների առաջ։ Մենք ասում ենք՝ ո՛չ, մենք պետք է հնարավորություն ստեղծենք, որ մեր քաղաքացիները աշխատելու հնարավորություն ունենան։ ՀՀ քաղաքացին վիզը ծուռ չպետք է լինի»։

Ն.Փաշինյանը նշեց, որ բոլոր անհատ տաքսիստներին ազատելու են հարկերից, որը նշանակում է, որ խրախուսում են աշխատանքը, և մարդիկ կարող են աշխատանքից դուրս ուղևոր տեղափոխել, այնինչ այսօր նման դեպքում, եթե բռնեն, շատ մեծ խնդիրներ կունենա։

Դաշինքի ղեկավարը խոսեց նաև երթևեկության բալային համակարգի մասին, որը կնպաստի երթևեկության անվտանգության բարձրացմանը։ Ըստ նրա՝ վարորդներ կան, որ 500-800 խախտում են, այսինքն՝ օրական 2 կամ ավելի խախտում, որ ենթակա է տուգանման, իսկ բալային համակարգի դեպքում, եթե շատ խախտումներ անի, բալերը կզրոյանան և վարորդական իրավունքը կարող է կասեցվել. «Սրանով հասնելու ենք նրան, որ լկտի վարորդները զրկվելու են վարորդական իրավունքից և ճանապարհներին մնալու են նրանք, որոնք կարգապահ են»։

 

Տեսանյութեր

Լրահոս