«Կարևոր է, որ «Լուսավոր Հայաստանը» զբաղեցնի երկրորդ տեղը». Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները Հայաստանի պատմության համար շատ կարևոր նշանակություն ունեն.

«Դեկտեմբերի 9-ին Հայաստանում փակվելու է այն շրջափուլը, որը կապված է իրականացված հեղափոխության հետ։ Դեկտեմբերի 9-ից հետո Հայաստանում սկսվելու է կառուցելու, համակարգ ստեղծելու ժամանակաշրջան, որտեղ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ունենալու է իր ուրույն ներդրումը»։

Նա ասաց, որ իշխանության հարցը լուծված է, և դեկտեմբերի 9-ին քաղաքացիները պետք է ընտրեն ընդդիմություն. «Հեղափոխություն իրականացրած ուժը, բնականաբար, ձևավորելու է քաղաքական մեծամասնություն, և քաղաքական համակարգի առողջացման առումով կարևոր է, որ «Լուսավոր Հայաստանը» զբաղեցնի երկրորդ տեղը, իր պրոֆեսիոնալ կադրերով նոր համակարգի ստեղծման գործում իր ներդրումն ունենա»։

Էդմոն Մարուքյանը նշեց, որ 12 օրվա ընթացքում փորձելու են ծածկել հանրապետության ամբողջ տարածքը. «Հանրապետության ամբողջ տարածքով շրջող խումբը ես եմ առաջնորդելու, լինելու ենք հանրապետության 47 համայնքներում։ Իսկ քարոզչության մյուս խումբը՝ Մանե Թանդիլյանի գլխավորությամբ, լինելու է Երևան քաղաքում։ Այսինքն՝ մենք երկու ուղղությամբ քարոզարշավ ենք իրականացնելու»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս