Հարցվածների 52.7%-ը լիովին դրական է վերաբերում «Իմ քայլը» դաշինքին

«GALLUP International association»-ի իրականացրած հարցումների համաձայն ՀՀ քաղաքացիների մոտ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերից լիովին դրական վերաբերմունք առաջացնողների շարքում առաջինը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքն է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Ամենաբարձր դրական վերաբերմունքն ունի «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը` հարցվածների 52.7%-ը լիովին դրական է վերաբերում, ավելի շուտ դրական է վերաբերում 32.9%-ը: Հաջորդ դրական վերաբերմունք ունեցող կուսակցությունը «Բարգավաճ Հայաստանն» է` 17.6%-ը` լիովին դրական, իսկ 49.1%-ը` ավելի շուտ դրական: «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը ամենաբարձր հակառեյթինգն ունի. կուսակցությանը լիովին դրական է վերաբերվում 2.9%-ը, 16.5%-ը` ավելի շուտ բացասական, իսկ 66.3%-ը` ընդհանրապես բացասական»,- ասաց Նավասարդյանը:

Հարցման համաձայն` ՀՀԿ-ն նաև ամենաընդդիմադիր քաղաքական ուժն է:

«Հարցման մասնակիցներին խնդրել ենք 1-ից 5 բալանոց սանդղակով գնահատել, թե որքանով են նշված քաղաքական կուսակցություններն ընդդիմադիր, որտեղ 1-ը նշանակում է, որ ընդհանրապես ընդդիմադիր չեն, 5-ը` շատ ընդդիմադիր են:

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը գնահատվել է, որպես առավել նվազ ընդդիմադիր` 2.0 բալ, ինչը հասկանալի է, որովհետև իշխող ուժ է: Ամենաբարձր ցուցանիշը, որպես ընդդիմադիր կուսակցություն, ստացել է ՀՀԿ-ն` 3.8»,- նշեց Արամ Նավասարդյանը:

Հետազոտությունն իրականացվել է դեմ առ դեմ հարցումների մեթոդով: Հարցումների քանակը` 1111, հետազոտության ընտրանքային սխալը 3%: Հետազոտության իրականացման ժամանակահատվածը նոյեմբերի 17-21: Իրականացման վայրը` Հայաստանի Հանրապետություն:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018թ. դեկտեմբերի 9-ին: Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:

Տեսանյութեր

Լրահոս