Բաժիններ՝

«Առանց փորձաքննության չի լինելու». Բնապահպանության նախարարի պաշտոնակատարը՝ կոկորդիլոսաբուծարանի մասին

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն այսօր  հաշվետվություն ներկայացրեց կատարվող ու կատարվելիք աշխատանքների վերաբերյալ:

Հանդիպմանը ներկա բնապահպանները հարց ուղղեցին Արարատի մարզի Դաշտավան համայնքում կոկորդիլոսաբուծարան ստեղծելու մասին:

«Ըստ էության ոչինչ չունենք: Մեզ մոտ չի եկել որևէ նախագիծ: Եթե ենթադրենք, որ  լինելու է զբոսայգի, դա շրջակա միջավայրի վրա ազդեցության գործընթաց է, և չի կարող սկսվել առանց փորձաքննական գործունեությունն անցնելու: Չգիտեմ՝ նախաձեռնողները տեղյա՞կ են, թե՞ ոչ»,- ասաց Էրիկ Գրիգորյանը:

Բնապահպան Սիլվա Ադամյանն արձագանքեց. «Տեղյակ չեն, պարո՛ն նախարար: Ես նամակներ եմ ստացել նախաձեռնողից: Նա չգիտի, թե ի՞նչ է նշանակում՝ շրջակա միջավայրի փորձաքննություն»:

«Քանի որ Արարատի մարզպետն է հայտարարել դրա մասին, մենք նրան տեղեկացրել ենք, որ այդ գործունեությունը ենթակա է փորձաքննության, և առանց դրա չի լինելու»,- նշեց Բնապահպանության նախարարի պաշտոնակատարը:

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Դաշտավան համայնքում նախատեսվում է առաջիկա տարիներին հիմնել կոկորդիլոսաբուծարան: «Արմոտ» ՍՊԸ-ն հիշյալ համայնքում արդեն վարձակալության է վերցրել 15 հա տարածք, հանդիպում ունեցել բնակիչների հետ, ներկայացրել իր ծրագիրը: Այս մասին սեպտեմբերի 14-ին իր գործունեության 100 օրվա ամփոփման ասուլիսի ժամանակ նշեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս