««Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկվելու համար «քննություն» չեմ տվել». Հովհաննես Իգիթյան
Միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանն այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչպես է կայացրել «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկվելու որոշումը։
«Ես հայտնի եմ իմ հարցազրույցներով, ինձ հայտնի է Նիկոլ Փաշինյանի տեսակետը, իրենց քաղաքական թիմի, ես ունեմ աշխատանք, ընդ որում՝ միջազգային։ Ինձ առաջարկեցին, ես ունեմ որոշ պարտավորություններ և պետք է նայեի՝ կարո՞ղ եմ արդյոք այդ ժամանակաշրջանում իմ պարտավորությունները վերաբաշխել, և համաձայնեցի»,- ասաց նա։
Նա նշեց, որ իրեն արդեն հարցրել են՝ «քննություն» տվե՞լ է, թե՞ ոչ՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկվելու համար, և հստակեցրեց, որ ոչ մի քննություն չի տվել.
«Ցավոք, մեզ մոտ կուսակցաշինությունը դադարեցվել է, երկար ժամանակ դա անհնար էր, հատկապես՝ ընդդիմադիր դաշտում։ Հիմա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ձևավորվում է, արդեն այնտեղ կա քաղաքական թիմ, և այդ քաղաքական թիմն ինքը պետք է որոշի՝ ինչ ձևով իրականացնել այս գործը»։
Հարցին՝ ՔՊ-ին անդամագրվելո՞ւ է, թե՞ ոչ, պատասխանեց. «Առայժմ ՔՊ անդամ չեմ»։
Նա հավելեց, որ ՀՀՇ-ին անդամակցությունը դադարեցրել է դեռևս 7-8 ամիս առաջ. «Դա կապված էր գործի հետ, վարչության աշխատանքներին ֆիզիկապես մասնակցելու անհնարինության հետ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում