«Անհրաժեշտ է, որ Ադրբեջանի հողերն արդեն Ադրբեջանին վերադարձվեն, դադարի Հայաստանի օկուպացիան». Էրդողանի խոսնակ
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը «Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններ. Ձևավորել ապագան» խորագրով գիտաժողովի ընթացքում անդրադարձել է արցախյան հիմնախնդրին:
Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում խնդրի կարգավորման գործում ՌԴ-ն մեծ դեր ունի: Քալընը կրկնել է Թուրքիայի կողմից շահարկվող տեսակետը, որ 1992թ հիմնված Մինսկի Խումբը մինչև այժմ չի կարողացել իրենից ակնկալվող արդյունքը տալ, ինչի պատճառով էլ հիմնախնդիրը շարունակում է սառեցված մնալ:
Խոսելով արցախյան խնդրի լուծման հարցում Թուրքիայի դիրքորոշման մասին՝ Քալըն նշել է, որ Թուրքիան հիմնախնդրին վերաբերող մի շարք նախաձեռնություններով է հանդես եկել:
Ըստ Քալընի՝ այդ հարցում սերտորեն համագործակցել են ռուս գործընկերների հետ, սակայն ինչ-որ ուժերի խառնվելու արդյունքում գործընթացը ձախողվել է:
«Անհրաժեշտ է, որ Ադրբեջանի հողերն արդեն Ադրբեջանին վերադարձվեն, դադարի Հայաստանի օկուպացիան»,- ասել է Քալընը՝ նշելով, որ երբ դա տեղի ունենա, դրանից ամենաշատը Հայաստանը օգուտ կքաղի:
Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան Հայաստանի հանդեպ որևէ նախապաշարմունք չունի: