Լիլիթ Մակունցը վստահեցնում է՝ Կոնստանտին Օրբելյանի հետ տարաձայնություններ չունեն
Նոյեմբերի 13-ին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը հայտարարություն էր տարածել՝ կապված Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանի հետ, որտեղ մասնավորապես նշել էր. «Հայտարարում եմ բանավոր զգուշացում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանին՝ աշխատանքային ժամերին քաղաքական գործունեությամբ զբաղվելու և աշխատակիցների նկատմամբ ուղղորդված քարոզչություն ու հոգեբանական ճնշում գործադրելու հետ կապված:
Օպերայի տնօրեն պարոն Օրբելյանի ուշադրությանն եմ հրավիրում այս հանգամանքը և պահանջում խստագույնս հետևել օրենքին ու դուրս չգալ սահմանված լիազորությունների և գործառույթների շրջանակներից. հակառակ դեպքում կկիրառվեն վարչական խիստ միջոցներ»:
Անդրադառնալով այդ հայտարարությանը, մշակույթի նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ սեպտեմբերի սկզբին՝ Երևանի ավագանու ընտրություններից առաջ, ՊՈԱԿ-ների տնօրենների հետ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում նրանց հիշեցվել է այն օրենքների մասին, որոնք պետք է պահպանեն։
«Երբ ես ահազանգ ստացա, որ տեղի է ունենում նման գործողություններ օպերային թատրոնում, անհրաժեշտ համարեցի, որ դրա մասին կատարեմ նաև հրապարակային գրառում։ Օպերային թատրոնի տնօրենի հետ այս թեմայի շուրջ մենք զրուցել ենք, և այժմ հարցը փակված է»,- ասաց Լիլիթը Մակունցը։
Հարցին, թե Կարինե Կիրակոսյանը կոնկրետ ի՞նչ գործողություններով էր զբաղվել, որը հարուցել էր Լիլիթ Մակունցի զայրույթը, նախարարի պաշտոնակատարը նշեց, Կ. Կիրակոսյանն այդ հարցի պատասխանը ստանալու համար գրավոր դիմել է իրենց և ստացել պատասխանը։
«Այս պահին նպատակահարմար չեմ գտնում խոսել բովանդակության մասին, գաղտնիք չեմ բացի, բայց այս պահին կարծում եմ՝ կարիք չկա ասելու»,- շեշտեց Լ. Մակունցը։
Ինչ վերաբերում է օպերային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի անվան շուրջ տեղի ունեցող խոսակցություններին, որ հնարավոր է՝ նա հրաժեշտ տա իր պաշտոնին, նախարարի պաշտոնակատարը բոլոր այդ խոսակցությունները հերքեց։
«Ես և պարոն Օրբելյանը տարաձայնություններ չունենք, չգիտեմ՝ այդ խոսակցությունները որտեղից են գալիս։ Մենք քննարկումներ ունեցել ենք, թե, օրինակ, հետագայում ինչպիսի գործընթաց կարող է լինել օպերային թատրոնի աշխատանքներում, ինչպես անել, որպեսզի կոլեկտիվն ավելի լայն ներգրավվածություն ունենա գործընթացներում, աշխատանքային քննարկում, որը հրապարակելու կարիք չկա»,- եզրափակեց Լիլիթ Մակունցը։
Զվարթ Խաչատրյան