Բակո Սահակյանն այցելել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին այցելել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն եւ հանդիպել դիվանագիտական անձնակազմի հետ՝ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախ-Ամերիկա կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր:
Այս համատեքստում Նախագահ Սահակյանը կարեւորել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության եւ ԱՄՆ-ում ԱՀ մշտական ներկայացուցչության սերտ փոխգործակցությունը՝ այն համարելով նախանշված ծրագրերի հաջող իրականացման կարեւոր գրավական:
Նույն օրը հյուպատոսությունում տեղի է ունեցել համայնքային ընդունելություն՝ ի պատիվ Նախագահ Սահակյանի:
Ջերմ եւ անմիջական մթնոլորտում քննարկվել են Արցախի պետականաշինությանը, Հայրենիք-Սփյուռք կապերին, տարածաշրջանային գործընթացներին առնչվող խնդիրներ:
Նախագահը նաեւ պատասխանել է ներկաների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք: