«Պետք է այլ երկրում ապրես, որ իրապես հասկանաս Հայրենիքի կարոտը, քաղցրությունը». Արսլանյանների ընտանիքը մտադիր է մշտական բնակություն հաստատել ՀՀ-ում
Ներսես Արսլանյանն իր ընտանիքի հետ 2012 թվականի սեպտեմբերից բնակվում է Լիբանանում: Մինչ այդ նրանք ապրել էին Սիրիայում: Երկրում իրավիճակը սրվելու պատճառով, ինչպես շատ սիրիահայեր, այնպես էլ Արսլանյանների ընտանիքը որոշում են տեղափոխվել առավել անվտանգ վայր: Սիրիայից դուրս առաջին կանգառը Լիբանանն էր:
«Թեպետ Լիբանանում տեղավորվեցինք, սակայն մեր մտքում ունեինք Սիրիա՝ մեր տուն, վերադառնալու հույսը: Ժամանակ առ ժամանակ, երբ Սիրիայում իրավիճակը փոքր-ինչ հանդարտվում էր, ցանկանում էինք վերադառնալ, սակայն նորից լարվածություն էր առաջանում: Այդպես որոշեցինք մնալ Լիբանանում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է Ներսես Արսլանյանը:
Լիբանանում Ներսես Արսլանյանը կարողանում է աշխատանք գտնել: Սկսում է աշխատել մի հայկական կազմակերպությունում, որն ուներ տարեցների և կույրերի խնամքի կենտրոն: Ներսես Արսլանյանը ներգրավվում է կենտրոնի աշխատանքներում, գնումների գործընթացում, օգնում տարեցներին, շահառուներին տեղաշարժվելու հարցում:
«Քանի որ Սիրիայից էի, շատ դժվար էր Լիբանանում սեփական գործ հիմնելը: Լիբանանում բնակվելու համար թղթաբանությունն էր շատ, մի խոսքով՝ դժվար էր: Թեպետ ինչ-որ գործ անում էի, սակայն միշտ մեզանում կար այդտեղ ժամանակավոր լինելու զգացողությունը: Կարծես չէինք գտնում այն տեղը, քաղաքը, որտեղ հիմնական կհաստատվեինք, մեր երեխաները կմեծանային, կրթություն կստանային, ընտանիք կկազմեին»,-ասում է Ներսես Արսլանյանը:
Ընտանիքում քննարկվում էր Լիբանանից տեղափոխվելու հարցը: Կային տարբերակներ՝ Կանադա, Ավստրալիա, սակայն որոշում կայացվեց գալ Հայաստան: Մանավանդ, այդ ընթացքում Հայաստանում կտրուկ ներքաղաքական փոփոխություններ էին տեղի ունենում, ինչը շատերին էր ոգևորում: Ընթացիկ տարվա օգոստոսին Ներսես Արսլանյանն ընտանիքով վերջնական տեղափոխվեց Հայաստան:
Արդեն 3 ամիս է անցել: Ներսես Արսլանյանն իր դուստրերին կարողացել է տեղավորել ուսումնական հաստատություններում: Ավագ դուստրը սովորում է Եվրոպական համալսարանում, փոքրը՝ դպրոցում:
«Երեխաները շատ ոգևորված են: Նրանք, ի վերջո, Հայրենիքում են: Ես նույնպես մեծ ուրախություն եմ ապրում: Պետք է այլ երկրում ապրես, որ իրապես հասկանաս Հայրենիքի կարոտը, քաղցրությունը: Հայկական իրականության մեջ ապրելն արդեն իսկ ոգևորում է, ինչ-որ մի պահի նույնիսկ արցունքներ հայտնվեցին աչքերիս մեջ»,-ավելացնում է Ներսես Արսլանյանը:
Ներսես Արսլանյանն այս ընթացքում հիմնական աշխատանք դեռ չի գիտել, փոքր գործեր է առայժմ անում: Ներկայում իր ընկերոջն է օգնում խանութի վերանորոգման աշխատանքներում:
«Ես դեռ Սիրիայի անձնագրով եմ, դիմել եմ Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, որպեսզի այստեղ կարողանամ գործ ունենալ: Ես վաճառական եմ, առևտրի մեջ փորձ ունեմ,- ասում է նա:- Այժմ սպասում եմ անձնագրիս: Սիրիայում գույք ունեմ, նախատեսում եմ այն վաճառել և Հայաստանում իմ գործը սկսել, նպատակ ունեմ սեփական խանութ բացել»: