Բաժիններ՝

Ցուկերբերգը մտադիր է մնալ Facebook-ի ղեկավարի պաշտոնում՝ չնայած քննադատությանը

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը մտադիր չէ թողնել նախագահի պաշտոնն ընկերության տնօրենների խորհրդում՝ չնայած իր հասցեին հնչող քննադատությանն այն սկանդալների պատճառով, որոնք կապված են օգտատերերի անվտանգության հետ: Այս մասին նա հայտարարել է CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է նոյեմբերի 20-ին:

Անցյալ շաբաթ The New York Times թերթը հրապարակել է նյութ, որում պնդվում է, թե Facebook-ի ղեկավարն օպերատիվ միջոցներ չի ձեռնարկել սոցցանցում զանազան նյութերի զետեղման դեպքերը կանխելու համար, որոնք միտված են ԱՄՆ-ում քաղաքական գործընթացներին միջամտելուն: Ինչպես պնդել է հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրներ, Ցուկերբերգը եւ Facebook-ի գործադիր տնօրեն Շերիլ Սենդբերգը սկզբում իբր թաքցրել են նման դեպքերը կամ էլ անտեսել են դրանք:

Հարցազրույցի ընթացքում CNN-ի հաղորդավարի այն հարցին, թե ինքը քննարկում է արդյոք ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից հեռանալու հնարավորությունը, Ցուկերբերգը բացասական պատասխան է տվել: «Նման պլաններ չկան»,- ասել է նա:

Ավելի վաղ, ինչպես հայտնել է CNN-ը, Facebook-ի մի շարք ներդրողներ բազմաթիվ սկանդալների եւ զանգվածային լրատվամիջոցներում մերկացնող հրապարակումների լույսով հանդես են եկել տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից Ցուկերբերգին զրկելու առաջարկությամբ:

Նա նաեւ միաժամանակ զբաղեցնում է Facebook-ի գլխավոր տնօրենի պաշտոնը: Հարցազրույցում սոցցանցի ղեկավարը նաեւ պաշտպան է կանգնել Սենդբերգին՝ հայտարարելով, որ նա «իրոք կարեւոր» ղեկավար աշխատակից է, որի պատասխանատվության ոլորտի մեջ են մտնում ընկերության հանդեպ ծառացած բազմաթիվ հանգուցային խնդիրներ:

«Ես հպարտանում եմ այն աշխատանքով, որը մենք միասին արել ենք, եւ հուսով եմ, որ մենք համատեղ կաշխատենք դեռ տասնյակ տարիներ»,- նշել է գործարարը, հաղորդել էՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս