Բաժիններ՝

Հեքիաթն ավարտվեց: Պարտադիր կուտակայինը կրկին կբարձրանա

Նոյեմբերի 15-ին, առանց նախապես որևէ հայտարարության, Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, համաձայն որի՝ առաջիկա տարիներին առաջարկվում է եկամտային հարկի դրույքաչափերի և ֆիզիկական անձանց հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար վերականգնել կուտակային կենսաթոշակային հատկացումների պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության հավասարության սկզբունքը:

Ի սկզբանե Կուտակային կենսաթոշակային ծրագրի հիմքում դրված էր անվանական աշխատավարձի 10 տոկոս դրույքաչափը, որից 5 տոկոսն ապահովում էր պետությունը: Տարիների ընթացքում օրենքը որոշ փոփոխությունների ենթարկվեց, որի վերջին խմբագրումը եղավ այս տարվա հունիսին:

Համաձայն Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի, այս տարվա հուլիսի 1-ից պարտադիր կուտակային կենսաթոշակի բաղադրիչը պետական հատվածում, աշխատողներից բացի, սկսեց տարածվել նաև մասնավոր հատվածի վրա: Սահմանված օրվան ընդառաջ, հասարակության սոցիալական բեռը չծանրացնելու նպատակով՝ կառավարության նախաձեռնությամբ փոփոխություն կատարվեց օրենքում, այդպիսով սահմանելով՝ 7.5 տոկոս վճարում է պետությունը, 2.5 տոկոս՝ գործատուն (աշխատողի աշխատավարձի հաշվին): Իհարկե, ըստ պատասխանատուների մեկնաբանության՝ սա ժամանակավոր մոտեցում է, սակայն իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում:

Այն, որ այս համակարգն իր մեջ լուրջ խնդիրներ է պարունակում, խոսել ենք բազմիցս, իսկ առավել մանրամասն «Կենսաթոշակայինի «արատավոր օղակը», կամ թե ինչպե՞ս է պետությունը վարկավորում ինքն իրեն» հոդվածում ներկայացրել էինք բոլոր ռիսկերն ու խնդիրները:

Այժմ, հաշվի առնելով ներկայացված խնդիրը, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է հարկային բարեփոխումներին զուգահեռ իրականացնել նաև պարտադիր կուտակայինի դրույքաչափի փոփոխություն:

Այսպես, առաջարկվող օրենսդրական նախագծով՝ 2020 թվականի հունվարի 1-ից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող անձանց համար նախատեսված կուտակային հատկացման պետության համավճարը կկկազմի ամսական համախառն եկամտի 6,5 տոկոսը՝ նախկին 7.5-ի փոխարեն, բայց ոչ ավել, քան 32500 դրամը՝ նախկին 37500 դրամի փոխարեն: Սա նշանակում է, որ աշխատող անձանց կողմից պարտադիր կուտակայինին վճարվող գումարը կավելանա 1 տոկոսով կամ առավելագույնը 5000 դրամով:
Արդեն 2021 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը՝ ներառյալ, սույն օրենքի անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող անձանց համար նախատեսված կուտակային հատկացման պետության համավճարը կազմում է ամսական համախառն եկամտի 5,5 տոկոսը, բայց ոչ ավել, քան 27500 դրամը: Սրա արդյունքում 2021 թվականի հունվարի 1-ից աշխատակիցներն իրենց եկամտի արդեն 4.5 տոկոսը պետք է վճարեն որպես պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վճար:

Այն, որ պետության տեսանկյունից այս փոփոխությունը միանշանակ իրավացի է, մենք անրադարձել ենք վերը նշված հոդվածում, սակայն հասարակության տեսանկյունից այն կարող է հակառակ ընկալումն ունենալ: Իհարկե, հարկային բարեփոխում իրականացնելուն զուգընթաց այս փոփոխությունը չի ազդի քաղաքացիների կողմից տնօրինվող եկամտի ավելացման վրա: Սա, սակայն, նշանակում է, որ այն մոտեցումը, որ հարկերի նվազեցմամբ մենք ապահովելու ենք աշխատավարձի բարձրացում, այնքան էլ իրավացի չէ: Վերջնական տնօրինվող եկամուտը, կամ առավել ժողովրդական լեզվով ասած «մաքուր աշխատավարձը» էական փոփոխությունների չի ենթարկվելու, պարզապես մի տեսակի վճարումից այն փոխվելու է այլ տեսակի:

Հայկ Բեջանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս