«Միշտ էլ հետաքրքրություն ունեցել եմ քաղաքական զարգացումների վերաբերյալ». Արսեն Ջուլֆալակյան

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը կարծում է, որ Ազգային ժողովի պատգամավոր դառնալով՝ կարող է  սպորտային մեծ փորձը ծառայեցնել ոլորտի զարգացմանը:

«Եթե ասեմ, որ բացարձակ չէի զբաղվում քաղաքականությամբ կամ անմասն էի մնում դրանից, սուտ կլինի: Թե՛ ինձ ճանաչողերը, թե՛ ֆեյսբուքյան էջերով միշտ էլ իմ քաղաքական դիրքորոշումը տարբեր հարցերի շուրջ ունեցել եմ: Եվ ամենակարևորը մասնագիտությունս է ստիպում, քանի որ մասնագիտությամբ դիվանագետ եմ: Միշտ էլ հետաքրքրություն ունեցել եմ քաղաքական զարգացումների վերաբերյալ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց մարզիկը:

Ջուլֆալակյանի խոսքով` տևական ժամանակ առաջարկություն եղել է ավելի վաղ քաղաքականություն մտել, բայց իրեն միշտ կանգնեցրել է սպորտը: «Ուզում եմ հանգստացնել սպորտային երկրպագուներիս՝ասելով, որ սպորտը ինձ համար մնալու է առաջնային, կարևոր, որոշիչ մինչև Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերը: Պարզապես պետք է ավելի ճկուն լինեմ, որ համատեղեմ երկու մասնագիտությունները: Հիմա պրոֆեսիոնալ կարիերայիս ավարտին մնացել է 1,5 տարի,  և ճիշտ ժամանակն է սահուն անցում կատարել քաղաքականությանը»,-ասաց նա:

Արսենը որոշումը կայացնելիս այն քննարկել է նաև իր հոր` Օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի հետ: «ՔՊ կողմից բարձր մակարդակով առաջարկ ստացա, ինչպես նաև նրանք բավարարեցին իմ պահանջները` մնալ սպորտում և մնալ անկուսակցական, ինչպես նաև առաջադրվել ոչ թե ռեյտինգային, այլ համամասնական ընտրակարգով»,-ասաց անվանի մարզիկը:

Նրա կարծիքով ինքը լավ տեղյակ է սպորտում առկա խնդիրներից և սրտացավ է դրանց լուծման հարցում: «Ուզում եմ ունեցածս փորձը ծառայեցնել հայկական սպորտի զարգացմանը»,- նշեց  նա:

«Արմենպրես»-ի այն հարցին, թե արդյոք պատրաստ է հետագայում նաև սպորտի նախարարի պաշտոնը ստանձնել Ջուլֆալակյանը շեշտեց, որ նախարարի պաշտոնը ստանձնելու համար նախ պետք է հասկանալ նախարարի դերը՝ ով է նա իրականում, ինչպիսի լծակներ ունի և ինչ է պահանջվում նրանից, որոնք են  նրա պարտականությունները:

«Ես վերջին տարիներին չեմ տեսել սպորտի նախարարին այնպես, ինչպես ես պատկերացնում եմ: Պետք է ավելի հստակեցվի նրա լիազորությունները և այլն: Բայց կարծում եմ, որ լավագույնս կկարողանամ որպես նախարար աշխատել և այն կարծիքին եմ, որ այս պահին չկա սպորտի բնագավառում  մեկը, ով այդքան հասկանում է սպորտից, այդքան սրտացավ է, որքան ես: Սպորտի նախարարը պետք է ընդունված լինի մարզաշխարհի կողմից»,-եզրափակեց նա:

 «Իմ քայլը» դաշինքը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցման անհրաժեշտ փաստաթղթերն ու համամասնական ու տարածքային ցուցակները: Ցուցակի 57-րդ տեղում Արսեն Ջուլֆալակյանն է: Նա անկուսակցական է:

Վարվառա Հայրապետյան

Տեսանյութեր

Լրահոս