«Լարված պահերին դուք բավական կառուցողական և հավասարակշռող դերակատարում եք ունեցել». Նիկոլ Փաշինյանը՝ Արա Բաբլոյանին

Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների խաղաղ, թավշյա բնույթը այդ գործընթացում ներգրավված միայն մեկ կողմի վաստակն ու ձեռքբերումը չէ: Շատ գործընթացներ ԱԺ-ում են ստացել քաղաքական լուծում: Լարված պահերին բավական կառուցողական և հավասարակշռող դերակատարում է ունեցել նաև ԱԺ նախագահը:

Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Շնորհակալություն եմ հայտնում Արա Բաբլոյանին ԱԺ նախագահի կարգավիճակում նրա գործունեության համար: Լարված պահերին դուք բավական կառուցողական և հավասարակշռող դերակատարում եք ունեցել: Եվ ես այդ պահվածքը, մոտեցումը շատ բարձր եմ գնահատում: ԱԺ-ում կառավարման, տնտեսվարման ձևի մեջ կատարվել են փոփոխություններ, որոնք ես տեսել եմ որպես ԱԺ պատգամավոր»,- ասաց Փաշինյանը:

Արա Բաբլոյանը նկատեց, որ ԱԺ-ի վերջին նիստերն են: Նա հետաքրքրվեց, թե արդյոք վարչապետի պաշտոնակատարի կարծիքով այս ժամանակում ԱԺ-ն կարողացել է գնահատել, դասեր քաղել և բարեփոխումներ իրականացնել: «Արդյոք դուք կարծում ենք, որ 6-րդ գումարման ԱԺ-ն ինչ-որ նշանակություն ունեցավ մեր երկրի, պատմության համար»,-հարցրեց ԱԺ նախագահ Բաբլոյանը:

«Անկախ գնահատականներից, միանշանակ է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովը պատմական ԱԺ է: Ըստ էության, այսօր և նախկինում էլ շատերն աննախադեպ են համարում այն քաղաքական փոփոխությունները, որ տեղի ունեցան Հայաստանում: Եվ ես մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ այդ փոփոխությունների խաղաղ, թավշյա բնույթը միայն դրանում ներգրավված մեկ կողմի վաստակն ու ձեռքբերումը չէ:

Մենք ի վիճակի եղանք գործընթացները տեղափոխել ԱԺ և այստեղ այդ գործընթացներին տալ քաղաքական լուծում: Ուզում եմ այդ ամենի վերաբերյալ իմ գնահատանքը արտահայտել 6-րդ գումարման ԱԺ-ի, բոլոր պատգամավորների, ԱԺ նախագահի գործունեության վերաբերյալ»,- ասաց նա ու նշեց, որ այդ առաքելությունը պատմության մեջ դեռ կգնահատվի:

Փաշինյանը նկատեց, որ ուղիղ մեկ տարի եղել է պատգամավոր: «Ինձ համար էլ այս ԱԺ-ն շատ կարևոր է, որովհետև կածում եմ, որ քաղաքական փոփոխությունների բովանդակության մի մասը արտահայտել եմ այս ամբիոնից, որպես պատգամավոր, դեռ 2017-ի ամռանը: Ես այն ժամանակ այս ամբիոնից առաջին անգամ ասացի, որ եթե 2018-ի ապրիլ-մայիսին ժողովուրդը որոշի իր կամքն արտահայտել, մենք կլինենք երաշխավորը, որ այդ կամքը դառնա քաղաքական իրողություն»,-ասաց վարչապետի պաշտոնակատարն ու հավելեց, որ ինքն ուրախ է, որ կարողացել են կատարել ժողովրդի առաջ ստանձնած այդ պարտավորությունը:

Փաշինյանը բոլոր պատգամավորներին հաջողություն մաղթեց ընտրություններում, իսկ չմասնակցողներին հաջողություն՝ իրենց հետագա ծրագրերում:

Տեսանյութեր

Լրահոս