Փաշինյանը վստահեցնում է, որ ոստիկանությունը և թաղման բյուրոները համագործակցում են ընտրացուցակներում մահացած մարդկանց անունները բացառելու համար

Խորհրդարանական ընտրությունների ընտրացուցակներում մահացած մարդկանց անունները բացառելու նպատակով ՀՀ ոստիկանությունը ուղիղ աշխատանք է իրականացնում թաղման բյուրոների հետ, որոնք տիրապետում են մահացած անձանց մասին առաջնային տեղեկատվությանը: Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ուշադրություն հրավիրեց նախընտրական շրջանում ընտրողների ցուցակների կազմման, հրապարակման և դրանց հետ տարվող աշխատանքների վրա: «Խնդրում եմ՝ հնչեցրեք, արվո՞ւմ է, արվե՞լ է և արվելո՞ւ է արդյոք ամենը, որ այս ընտրություններին ցուցակները հասցնենք կատարյալի։ Լինելո՞ւ են արդյոք դրանցում խնդիրներ, իրականում բացակայողներ, չհաշվառվածներ, կրկնակի գրանցումներ, այլ հասցեների վրա գրանցումներ: Բոլոր ժամանակներում ոչ իշխանական ուժերը իրենց ընտրական գործընթացում ներգրավվածության ջանքի 80 տոկոսը դրել են գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ, մնացածը նոր՝ քարոզչության: Սակայն դա պետության պարտականությունն է եղել»,- նկատեց պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ նա, ով կարող է մտնել մի տեղամաս և այնտեղ ստվեր գցել, իր համարժեք պատասխանը կստանա։ Նա վստահեցրեց, որ ընտրական ցուցակների վրա թե ՏԻՄ, թե ավագանու ընտրությունների ժամանակ աշխատանք կատարվել է, և այսօր էլ կատարվում է: «Այսօր առավոտյան ոստիկանության պետն ինձ զեկուցել է, որ աշխատում են ցուցակների վրա, այդ թվում՝ թաղման բյուրոների հետ համագործակցությամբ: Պարզվում է, որ նախկինում մահացած անձանց վերաբերյալ տեղեկությունը ստացվել է այլ կառույցներից, և թաղման բյուրոների հետ ուղիղ աշխատանք չի եղել, որոնք տիրապետում են առաջնային ինֆորմացիային: Այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է»,- ասաց Փաշինյանը:

Նրա կարծիքով՝ կատարյալ ցուցակը չափելի չէ, սակայն իրենք անընդհատ ձգտում են կատարելության, և այդ ուղղությամբ, միանշանակ, աշխատանք տարվում է:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ Հայաստանից բացակայողների անուններն ընտրական ցուցակներից հանելու օրենսդրական մեխանիզմ չկա: Սակայն, հետագայի համար գաղափար կա, որ ԸՕ-ում արվեն այնպիսի փոփոխություններ, որոնք թույլ կտան, որ մարդն ավտոմատ հանվի ցուցակից, եթե երկրից դուրս գա և չվերադառնա և նույն կերպ ավտոմատ վերականգնվի ցուցակում, երբ վերադառնա Հայաստան:

«Սակայն, դա չգիտեմ, թե երբ կլինի: Մենք կարիք կունենանք ստեղծել մեխանիզմ, որ զրոյացնենք ընտրական ցուցակները և բոլոր քաղաքացիները գնան և գրանցվեն ցուցակներում, որ նրանք, ովքեր բացակայում են երկրից, չլինեն ցուցակում»,- եզրափակեց վարչապետի պաշտոնակատարը:

Տեսանյութեր

Լրահոս