«Մանե Թանդիլյանի առաջարկած կենսաթոշակային նոր համակարգի ներդրումը խնդիրներ է առաջ բերելու». տնտեսագետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանի՝ կենսաթոշակների վերաբերյալ ֆեյսբուքյան գրառումը հանրության շրջանում տարաբնույթ մեկնաբանությունների է արժանանում:

Հիշեցնենք, որ Մանե Թանդիլյանը գրել էր. «Կենսաթոշակների չափերի
բևեռացումը շարունակում է մնալ համակարգի խնդիրներից մեկը և բևեռացման մեղմելն է, կենսաթոշակների չափերի անհամաչափությունը հաղթահարելը համարվում է խիստ կարևոր: Չնայած միջին պետական կենսաթոշակը մոտ 42.000 դրամ է, սակայն կան պետական պաշտոնյաներ, ովքեր ստանում են նույնիսկ 1.000.000 դրամից ավել կենսաթոշակ»: Նախարարը տեղեկացրել էր, որ շրջանառության մեջ է դրել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացոոմ կատարելու մասին նախագիծ, համաձայն որի՝ առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ առավելագույն կենսաթոշակի չափ, որը չի կարող գերազանցել նվազագույն կենսաթոշակի տասնապատիկը: «Արդյունքում՝ պետական պաշտոնյաների կենսաթոշակն ուղղակիորեն կապվելու է քաղաքացիների կենսաթոշակի հետ, և պետական պաշտոնյաները, ովքեր պատասխանատվություն են կրում երկրի սոցիալ-տնտեսական վիճակի համար, կկարողանան բարձրացնել իրենց թոշակը միայն քաղաքացիների կենսաթոշակը բարձրացնելուն զուգահեռ»,- նշել էր նա:

168.am-ի հետ զրույցում տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն անդրադառնալով  պետական կենսաթոշակների հետ կապված Մանե Թանդիլյանի նոր առաջարկին, նկատեց, որ կողմ է սոցիալական ցանկացած վճարի չափի բարձրացմանը՝ նպաստների, կենսաթոշակների, քանի որ պետության կողմից տրվող պետական վճարները շատ ցածր են և չեն ծառայում իրենց նպատակին։

Սակայն տնտեսագետը Մ. Թանդիլյանի առաջարկած համակարգի հետ կապված խնդիրներ է տեսնում։

«Այստեղ առաջանում է հետևյալ խնդիրը, որը երբեք չպետք է անտեսենք։ Այսօր սերունդների համերաշխության խնդիրը, որը դրվում է կենսաթոշակային համակարգի հիմքում և պաշտպանվում, որը  նաև հակադրվում է այսօրվա պարտադիր կուտակային համակարգին, այս մոտեցումներով տվյալ սկզբունքն ավելի է խաթարվում։ Կենսաթոշակային համակարգի հիմնական խնդիրն այն է, որ աշխատավարձից ստացած և վճարած եկամտահարկի չափերը չի կապում կենսաթոշակի չափի հետ, այս երկուսին միակ կապող գործիքը մնացել է  աշխատանքային ստաժը։ Սա աշխատանքային կենսաթոշակ ստացողների դեպքում ազդում է կենսաթոշակի չափի վրա»,- ասաց տնտեսագետը:

Նա ընդգծեց, որ, եթե այս համատեքստում շեմ է դրվում, որ, օրինակ, մարդիկ 25.500 դրամից պակաս թոշակ չպետք է ստանան, առաջ է գալիս դրական արդյունք, որի հետևում թաքնված են և խնդիրներ.

«Օրինակ, 80 հազար կենսաթոշակառուի դեպքում  չի գործում այն սկզբունքը, որի դեպքում աշխատանքային ստաժը կապվում էր կենսաթոշակի չափի հետ։ Այսինքն՝ 10 տարի աշխատանքային ստաժ ունեցողը կարող է ստանալ այնքան կենսաթոշակ, ինչ ստանում է ստաժ չունեցողը: Սա արդար չէ, որովհետև մարդիկ առնվազն 15 տարվա ստաժով պետք է որոշ չափով ավելի բարձր ստանան, հենց սա  գալիս է սերունդների համերաշխության սկզբունքից»։

Անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանում կա՞ն 1.000.000 դրամից ավելի կենսաթոշակ ստացողներ, տնտեսագետը պատասխանեց, որ նման մարդ Հայաստանում չկա, որը կարող է 1.000.000 դրամից ավելի կենսաթոշակ ստանալ։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս