«Իմ քայլը» դաշինքը ԿԸՀ ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական ցուցակները

«Իմ քայլը» դաշինքը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցման անհրաժեշտ փաստաթղթերն ու համամասնական ու տարածքային ցուցակները: Փաստաթղթերը հանձնելուց հետո լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը նշեց, որ որպես հեղափոխական թիմ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «Իմ քայլը» դաշինքով: «Համամասնական ցուցակում ընդգրկված է 183 անձ: Ցուցակում ընդգրկված է մեր ամբողջ քաղաքական թիմը, նրանք, ովքեր զբաղվել են կուսակցական գործունեությամբ, կառավարության և Ազգային ժողովի անդամները»,- ասաց Կոստանյանը:

Նա շեշտեց, որ ցուցակը համարում են հեղափոխական իր ողջ տրամաբանության մեջ: «Ցուցակում մի շարք անձանց ներգրավվածությունը պայմանավորված է այն հայտարարություններով, որ եկել է բարիկադները քանդելու ժամանակը: Մասնավորապես,  Շիրակ Թորոսյանի և Ֆելիքս Ցոլակյանի ներգրավումը պայմանավորված է հենց այդ հայտարարություններով»,- մանրամասնեց Կոստանյանը:

Վահան Կոստանյանն ընդգծեց, որ իրենց ցուցակում անձանց ներգրավելով՝ հաշվի են առել նրանց անցած ճանապարհը, պրոֆեսիոնալիզմը: «Մենք ինչպես մերժել ենք, այնպես էլ շարունակում ենք մերժել ընտրակաշառքների մեխանիզմը: Այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ զբաղված են եղել նման գործունեությամբ, մեր թիմում տեղ չունեն»,- ասաց նա:

Դաշինքի ցուցակները ձևավորվել են, հիմք ընդունելով սկզբունքները, որ հաստատվել են կուսակցության ներսում քննարկումների արդյունքում:

Անդրադառնալով դաշինքի ցուցակում լրագրողների ներգրավմանը՝ Վահան Կոստանյանը տրամաբանական համարեց այն հանգամանքը, որ մարդիկ, ովքեր երկար տարիներ լուսաբանել են քաղաքական գործունեությունը, ցանկություն ունեն անմիջական մասնակցություն ունենալ այդ ամենին:

Տեսանյութեր

Լրահոս