Արցախի պետնախարարը հանդիպել է ԵՄ-ում գրանցված ներդրումային ընկերության ներկայացուցիչներին
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 14-ին ընդունել է Եվրոպական Միության տարածքում գրանցված ներդրումային ընկերության ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին Արցախում՝ պետական նախարարը կարևորել է ընկերության՝ ցարդ կատարած ներդրումներն Արցախի էներգետիկ ոլորտում։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հյուրերը տեղեկացրին, որ մտադիր են մոտ ապագայում մեծացնել «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության մեջ ունեցած ներդրումային մասնաբաժինը։
Ներդրումային ընկերության ներկայացուցիչների խնդրանքով՝ պետնախարար Գ․ Մարտիրոսյանը ներկայացրել է Արցախում կենսաթոշակային համակարգի, փոքր ավիացիայի, գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության ոլորտների ներդրումային հնարավորությունները, որոնցում նույնպես հյուրերը ներդրումներ կատարելու հետաքրքրություն են հանդես բերել։
Հանդիպմանը մասնակցել են նաև էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը և «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Վահրամ Բեգլարյանը։