Բաժիններ՝

Երկու ժամով և 55 կիլոմետրով կկրճատվի «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի անցողունակությունը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության համար անհասկանալի է, թե ինչու է «Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրով» շինարարությունը սկսվել ամենադյուրին հատվածներից: Ներդրումային պլանները տեղաբաշխելու են Սիսիան-Քաջարան հատվածում. մեկ թունելի և երկու կամրջի շինարարությամբ  շուրջ երկու ժամով  և 55 կիլոմետրով կրճատելու են Սիսիան- Քաջարան հատվածում անցողունակությունը: Այս մասին ԱԺ-ում պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

«Փորձում ենք հասկանալ, թե ինչպես է եղել, որ «Հյուսիս-հարավ»-ի ծրագիրը սկսվել է ամենադյուրին հատվածներից` դեպի Արտաշատ և դեպի Աշտարակ տանող խճուղիների շինարարությունից: Եվ այդպես էլ որևէ հստակ պատասխան չենք կարողանում գտնել, թե ինչու հարավային ուղղությամբ` լեռնային տարածքներում տեղակայված դժվարանցանելի հատվածներից չեն սկսել շինարարությունը: Եվ մեծ միջոցներ են ծախսել սարքելու ճանապարհահատվածներ, որոնք անցանելի և լավ վիճակում էին: Հիմա մենք ունենք հստակ դիրքորոշում, որ Սիսիան -Քաջարան հատվածում տեղաբաշխենք հետագա ներդրումային պլանները, պլանավորենք այնպես, որ հարավային ուղղությամբ կարողանանք անել շինարարական աշխատանքներ: Միայն  մեկ թունելի և երկու կամրջի շինարարությամբ մենք կարողանում ենք շուրջ երկու ժամով  և 55 կիլոմետրով կրճատել Սիսիան- Քաջարան հատվածում անցողունակությունը»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

Նրա կարծիքով` դա կարող է լուրջ տնտեսական արդյունքի բերել: Նախարարի պաշտոնակատարը նկատեց, որ «Հյուսիս-հարավի» ճանապարհային միջանցքի կառուցապատման հետ կապված բազմաթիվ հարցադրումներ կան: «Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է ունենալ այդպիսի ճանապարհ: Հետագայում մեր գործընկերների հետ գտնելու ենք ուղիներ հնարավորինս արագ այդ ճանապարհը կառուցելու և վերջացնելու համար»,-ասաց նա:

Արշակյանի կարծիքով` այդ ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար: Հատկապես ջանքեր են գործադրվելու հարավային` լեռնային հատվածում դժվարանցանելի մասում թողունակությունը բարձրացնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս