ԱՄՆ-ը 5 միլիոն դոլարի պարգև է հայտարարել ՀԱՄԱՍ-ի և «Հըզբոլլահի» պարագլուխների մասին տեղեկատվության համար
ԱՄՆ-ի իշխանությունները 5 միլիոն դոլարի պարգեւ են հայտարարել այն տեղեկատվության համար, որը կօգնի գտնելու ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան անդամ Սալեհ ալ Արուրիի եւ շիաների «Հըզբոլլահ» շարժման անդամներ Խալիլ Յուսեֆ Մահմուդ Հարբի եւ Հայթամ Ալի Թաբաթաբայիի գտնվելու տեղը:
Այդ մասին ասված է Պետդեպարտամենտի՝ նոյեմբերի 13-ին հրապարակված մամուլի տեղեկագրում: Հայտարարության մեջ նշվում է, որ ներկայում Սալեհ ալ Արուրին բնակվում է Լիբանանում: ԱՄՆ-ի իշխանությունները գտնում են, որ նա առնչություն ունի Արեւմտյան ափին մի շարք ահաբեկչական գրոհների եւ մարդկանց առեւանգումների հետ: Շիաների «Հըզբոլլահ»շարժման անդամ Խալիլ Յուսեֆ Մահմուդ Հարբը, Պետդեպարտամենտի տվյալներով՝ «ղեկավարել է ռազմական գործողություններ Պաղեստինի եւ մի շարք այլ երկրների տարածքում»:
Հայթամ Ալի Թաբաթաբայիին ԱՄՆ-ի իշխանությունները համարում են Սիրիայում եւ Եմենում «Հըզբոլլահի» ջոկատների հրամանատար: 2016 թվականի հոկտեմբերին, ինչպես ճշտել է գերատեսչությունը, ԱՄՆ-ը նրան ներառել է պատժամիջոցների ցուցակում: Նոյեմբերի 13-ին ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցուցակ է մտցրել հինգ մարդու, այդ թվում՝ շիաների «Հըզբոլլահ» լիբանանյան կուսակցության առաջնորդ Հասան Նասրուլլայի որդի Ջավադին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: