2018թ. երրորդ եռամսյակում զինված ուժերում պետությանը հասցված 96 մլն դրամի վնաս է հայտնաբերվել. հարուցվել է 19 քրեական գործ
ՀՀ զինվորական դատախազությունն ամփոփել է 2018թ. 3-րդ եռամսյակի ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքները։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների դատախազների կողմից այդ ժամանակահատվածում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացվել է 104 ուսումնասիրություն, այդ թվում թիկունքային, սպառազինության, կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման, ինժեներական, ռազմաբժշկական, մարտական պատրաստության, ֆինանսական և այլ ծառայությունների գծով։
Հաշվետու ժամանակահատվածում իրականացված 104 ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է 58 խախտում, ինչը նշանակում է, որ խախտումներ են հայտնաբերվել ուսումնասիրությունների շուրջ 55% դեպքերում։
Իրականացված ուսումնասիրություններով արձանագրվել է պետությանը պատճառված 96.115.233 ՀՀ դրամի վնաս, որից շուրջ 80մլն դրամի վնասը հայտնաբերվել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացված ուսումնասիրությունների շրջանակում: Պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է 8.499.007 ՀՀ դրամը:
Արձանագրված և չվերականգնված վնասների մի մասի վերաբերյալ քննվում են քրեական գործեր, մյուս մասի վերաբերյալ ուսումնասիրությունները շարունակվում են կամ գտնվում են վերականգնման փուլում, որի ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ դատախազական ներգործության միջոցներ։
2018թ. 3-րդ եռամսյակի ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարված ուսումնասիրությունների արդյունքներով բացահայտված խախտումների դեպքերով հարուցվել է 19 քրեական գործ: Դրանցով պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 86.519.622 ՀՀ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ներկայացվել է պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին 1 դիմում, որով պարտապանի անվիճելի վճարային պարտավորության չափը կազմել է 19.034.050 ՀՀ դրամ։ Դիմումը դատարանի կողմից ընդունվել է վարույթ։
Բացի այդ, ՀՀ պաշտպանության նախարարությանն առաջարկվել է ողջամիտ ժամկետում դատարան հայց ներկայացնել պետությանը պատճառված 6.362.000 ՀՀ դրամ վնասի հատուցման պահանջով։
Քրեական գործերի շրջանակում քննության առարկա հանդիսացող խախտումների մի մասը հայտնաբերվել է զինված ուժերի ինժեներական զորքերի վարչության և ենթակա ստորաբաժանումների, զորամասերի ինժեներական ծառայությունների կողմից նյութական միջոցների ստացման, պահպանման, օգտագործման ոլորտում անցկացված խորքային ուսումնասիրությունների ընթացքում , որի արդյունքների մասին արդեն տեղեկացվել է:
Մյուս խախտումները վերաբերում են ՀՀ ՊՆ կարիքների համար զինվորական պաշտպանիչ հանդերձանքի գնման-ընդունման գործընթացին, որի շրջանակներում սահմանված կարգով չեն ստուգվել նշված ապրանքատեսակների համապատասխանությունը պայմանագրի տեխնիկական բնութագրով նախատեսված հատկանիշներին, ՊԲ կապիտալ շինարարության ծառայության կենտրոնական, ինչպես նաև առանձին զորամասերի պահեստներում, ՊՆ զորամասերի տարբեր ստորաբաժանումներում իրականացված գույքագրման արդյունքում հայտնաբերված պակասորդներին, ավելցուկներին, ձեռքբերման անհրաժեշտության բացակայության պայմաններում, առերևույթ կեղծ հաշիվ-ապրանքագրերի հիման վրա, ուռճացված գներով տարբեր ապրանքների ձեռքբերմամբ պետությանը էական վնաս պատճառելուն և այլն:
2018թ. երրորդ եռամսյակի ընթացքում վերը ներկայացված ավարտված ուսումնասիրություններից զատ, պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրություններ են նախաձեռնվել նաև այլ ոլորտներում, որոնց ուղղությամբ աշխատանքները շարունակվում են և կամփոփվեն ավելի ուշ։