Բաժիններ՝

Ֆրենք Սինատրայի ավելի քան 200 իր աճուրդով կվաճառվի Նյու Յորքում

Հռչակավոր ամերիկացի երգիչ Ֆրենք Սինատրային (1915-1998 թթ.) եւ նրա կնոջը՝ Բարբարային (1927-2017 թթ.), պատկանող 200-ից ավելի անձնական իրեր դեկտեմբեր ամսին վաճառքի կհանվեն Նյու Յորքի աճուրդում: Այդ մասին հայտնել է Sotheby՚s աճուրդների տունը:

Աճուրդի կազմակերպիչների խոսքով՝ կվաճառվեն Սինատրայի եւ նրա չորրորդ կնոջ, որի հետ նա ապրել է 22 տարի, հավաքածուից ամենաուշագրավ իրերը: Մասնավորապես, աճուրդի կդրվեն տասնյակ անձնական նամակներ, աքսեսուարներ ու նկարներ, որոնք պատկանել են զույգին:

Առավել աչքի ընկնող լոտերի թվում է 20-կարատանոց ադամանդե մատանին, որը Սինատրան Բարբարային՝ հայտնի մոդելին ու պարուհուն, նվիրել է 1976 թվականին իրենց նշանադրության օրը: Միջոցների մի մասը, որոնք կստացվեն աճուրդում, կօգտագործվի բարեգործականնպատակով՝ Ռանչո-Միրաժում (Կալիֆոռնիայի նահանգ) գործող մանկական բուժական-առողջարարական կենտրոնի կարիքների համար, որը հիմնել է Բարբարա Սինատրան:

Աճուրդներն, ինչպես սպասվում է, կտեւեն մի քանի օր: Ֆրենք Սինատրան 20-րդ դարի ամենաանվանի երգիչներից մեկն է, որը հայտնի է կատարման իր առանձնահատուկ ոճով: Նա ծնվել է 1915 թվականին Հոբոքենում (Նյու Ջերսիի նահանգ): Երգիչը Grammy հեղինակավոր երաժշտական մրցանակի դափնեկիր է դարձել 11 անգամ: Նա նաեւ դերասան էր, կինոռեժիսոր, արժանացել է «Օսկար» եւ «Ոսկե գլոբուս» մրցանակների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս