Բաժիններ՝

«ՌԴ ՄԻՊ-ի ահազանգը տեղին է՝ Հայաստանում պատշաճ ուշադրություն չեն դարձնում ռուսաց լեզվի ուսուցմանը». Տատյանա Միքայելյան

Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալովկան օրերս հայտարարել էր, որ արտասահմանյան երկրների դպրոցներում ռուսերեն լեզվի դասաժամերի կրճատումը խախտում է ռուսալեզու բնակչության իրավունքները։

Ըստ նրա` հիմնականում Մերձբալթյան երկրներում է նման բան տեղի ունենում, բայց  Հայաստանում էլ դա կա։ ՌԴ մարդու իրավունքների պաշտպանն առաջարկել է, որ քայլեր ձեռնարկվեն դեսպանատներին կից ռուսական դպրոցների քանակն ավելացնելու համար.

«Պետք է բարձրացնենք ռուսերենի համար պայքարի մակարդակն արտասահմանում ոչ թե հանուն լեզվի, այլ հանուն նրանց, ովքեր իրավունք ունեն պահպանել իրենց մշակույթը, ռուսական ինքնությունը, և հնարավորություն տանք կրթություն ստանալ ռուսերենով»,- հայտարարել էր Տատյանա Մոսկալովկան։

ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ռուսական համայնքի ներկայացուցիչ Տատյանա Միքայելյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՌԴ մարդու իրավունքների պաշտպանի բարձրացրած խնդրին, նկատեց, որ այս հարցը նոր չէ բարձրացվում, տարիներ շարունակ խնդիրը եղել է։

Կարդացեք նաև

«Այո, սա ահազանգ է այն մասին, որ դպրոցներում ռուսաց լեզվին տրամադրվող ժամերը շատ քիչ են, բացի այդ, չկան համապատասխան գրքեր, դրանց մեծ մասը 1989 թվականի հրատարակություն է, չկան նաև մասնագետներ, այդ բողոքը ես ընդունում եմ»,- նշեց Տ. Միքայելյանը՝ տեղեկացնելով, որ խնդրի առնչությամբ երկու անգամ արդեն դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն, որտեղից խոստացել են զբաղվել հարցով, սակայն մինչ օրս ոչինչ չեն արել։

«Նախորդ տարի մեկ անգամ դիմել եմ ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանին, այս տարի էլ դիմեցի Արայիկ Հարությունյանին, բայց հարցը շարունակում է մնալ չլուծված։

Մասնագետների պետք է վերապատրաստենք, դպրոցներում պետք է ավելացնեն ռուսերենի դասաժամերը։ Ճիշտ է, Երևանում ունենք ռուսական թեքումով դպրոցներ, սակայն մարզերում վիճակն այդքան էլ բարվոք չէ։ Օրինակ, Էջմիածին քաղաքի դպրոցներից մեկի ուսուցչուհին դիմել էր ինձ՝ նշելով, որ դպրոցում չունեն ռուսերենի մասնագետներ և գրքեր, այսինքն՝ ուշադրություն չեն դարձնում լեզվին»,- ասաց մեր զրուցակիցը։

Տատյանա Միքայելյանը նաև տեղեկացրեց, որ ռուսական համայնքում բազմիցս բարձրացրել են այս հարցը, բայց դրական որևէ տեղաշարժ չի արձանագրվել հարցի լուծման ուղղությամբ։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս