«Ես դիմում գրեցի ու դուրս եկա, որովհետև նախագահի «ախրանայի» պետը կյանքս կերավ բառիս բուն իմաստով, իմ կաբինետից դուրս չէր գալիս». Արթուր Մեսչյան
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց, թե ինչու է նախկինում հրաժարվել գլխավոր ճարտարապետի պաշտոնից։
«Ես ինչո՞ւ դիմում գրեցի ու դուրս եկա, երբ գլխավոր ճարտարապետ էի, որովհետև նախագահի «ախրանայի» պետը կյանքս կերավ բառիս բուն իմաստով, իմ կաբինետից դուրս չէր գալիս։ Ասում էր՝ պետք է տաս, ես էլ ասում էի՝ իյա, իսկականի՞ց, ինչո՞ւ պետք է տամ, չեմ տալիս։ Նա գնում ու բողոքում էր բոլոր ատյաններին, հետո ինձ զանգում, ասում էին՝ պարոն Մեսչյան, գիտե՞ք՝ ում եք ասել՝ ոչ։ Ասում էի՝ ով ուզում է՝ լինի, ինձ համար ի՞նչ տարբերություն։ Իմ գլխին Աստվածն է, իմ քաղաքն է։ Գլխավոր ճարտարապետը նա է, ով ոչ ասելու իրավասություն ունի»,- պարզաբանեց նա։
Նա նշեց, որ նախկին ճարտարապետ Նարեկ Սարգսյանն աշխատել է այն իշխանությունների ժամանակ, երբ ամեն ինչ լուծվում էր հեռախոսով։ Նա նշեց, որ Նարեկ Սարգսյանի դեմ լարվածությունը սկսվել է Հյուսիսային պողոտայի նախագծից, որը հիմա Երևանի ամենասիրված տեղերից է դարձել։ «Ինձ համար այդքան էլ հասկանալի չէ այդ լարվածությունը, հասկանալի կլիներ, եթե ոչ մեկը չքայլեր Հյուսիսային պողոտայով»,- ասաց նա:
Արթուր Մեսչյանն ասաց, որ, երբ ինքը կարճ ժամանակով գլխավոր ճարտարապետն էր, հրահանգ տվեցին վաճառել Հյուսիսային պողոտայի հողատարածքները, և ինքը քաղաքապետին ասաց, որ չի կարելի առանց բիզնես պլանի վաճառել այդ հողատարածքները և կանգնեցրեց դա, իսկ Նարեկ Սարգսյանը, ըստ նրա՝ կարողացավ կազմավորել բիզնես պլանը, կառուցապատողների ցանկը հավաքել և կառուցել այդ փողոցը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում