«Ոնց որ ռուսների վասալը լինենք. Մեր հետախուզությունը հիմնված է նրանց հետախուզական տվյալների վրա». Վովա Վարդանով

Նոյեմբերի 5-ին նշվում է հետախույզի օրը: Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովի խոսքով՝  հետախուզությունն ինֆորմացիա է, իսկ այս դարում այն շատ կարևոր ու թանկ է:

«Սխալ է այն կարծիքը, թե նավթ ունեցող երկիրն այսպես կամ այնպես կարող է լինել: Ո՛չ Բելգիան նավթ ունի, ո՛չ Հոլանդիան, բայց հզոր հետախուզություն ունեն: Ադրբեջանցիներն այս տարի հետախուզական երկրորդ արբանյակը ձեռք բերեցին, պատրաստվում են 3-րդն ունենալ: Մենք նման հնարավորություն չունենք: Չենք կարող մեզ թույլ տալ, փոքրաթիվ բյուջեից 20-30 միլիոն դոլար հատկացնել, որ տեխնիկական որոշ հնարավորություններն ուժեղացնող արբանյակներ ձեռք բերենք: Ինչ ունենք, դա պետք է լավ աշխատացնենք: Մեր ամենահարմար ռեսուրսը, որ կարող ենք զարգացնել՝ մարդն է, նրան զարգացնո՞ւմ ենք, Աստված գիտի: Գրեթե մարդու վրա չենք աշխատում: Եթե ժամանակին սպաները դպրոցներում պտտվում, որոնում էին ֆիզիկապես ամուր և լավ սովորող երեխաների, հիմա նման բան չկա: Ասում են՝ ով կցանկանա, կգա: Երեխաներին դպրոցից ուղղորդել է պետք ու պատրաստել: Նման աշխատանքներ չեն կատարվում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վովա Վարդանովը:

«Մեր հետախուզությունը հիմնված է ռուսական հետախուզական տվյալների վրա: Նա մեր դաշնակիցն է, բայց ոչ ավելի, իսկ մենք այնպես ենք պահում մեզ, ոնց որ նրանց վասալը լինենք. ճորտատիրական հասարակարգում ենք գտնվում: Հասկանալի է, որ դաշնակիցն ենք, բայց մենք մեր հետախուզությունը պետք է ունենանք, ինֆորմացիայի  առանձին աղբյուրը, որն անհրաժեշտության դեպքում կկիսվի ռուսների հետ: Իսկ երբ նման հնարավորություն չունես՝ հալած յուղի տեղ ընդունում ես ռուսական տվյալները, որոնք ինչքան ու ոնց ուզեն՝ կմատուցեն:

Կարևոր է նաև ինֆորմացիան տեղ հասցնելը: Կապի բոլոր միջոցներն օտարածին են: Իսկ մենք հնարավորություն ունենք ստեղծելու: Մի քանի ֆիրմաներ կան, որ այդ ուղղությամբ աշխատում են, բայց մեր ՊՆ-ն գերադասում է պայմանագրեր կնքել միայն ռուսական արտադրողների հետ: Եթե ուզում ենք իսկական պետություն, նորմալ Զինված ուժեր ունենալ, առաջին հերթին ինֆորմացիան գոնե մասնակի անկախ պետք է լինի: Ռուսաստանից մեր կախվածությունը պետք է նվազեցնենք:

Զորքերի գործողությունը ո՞նց կարող ես ապահովել, եթե կախված ես ֆրանսիական, ամերիկյան, ռուսական սարքավորումներից ու դրանց տվյալներից: Եթե քեզ էժան ապրանք են տալիս, միգուցե դա վա՞տն է, կարող ես դու ստեղծել ու ունենալ»,- նշեց Վովա Վարդանովը:

Հարցին,  թե ինչո՞ւ այս ամենը չի արվում՝ նա պատասխանեց, որ անհեռատեսության հետևանքով:

Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատարի տեղակալ, հետախուզության պետ Արտակ Բագրատյանի խոսքով էլ՝ Հայաստանում ունենք կայացած հետախուզություն:

«Երբ սկսեցինք հետախուզական աշխատանքները, դեռ հայկական բանակը չէր ձևավորվել, պատերազմ էր սկսվել: Ճիշտ է, շատ արհեստավարժ չէինք, բայց մեր գիտելիքները փորձեցինք ներդնել  ժողովրդին, պետությանը օգտակար լինելու համար: Ուրախ եմ, որ այսօր ունենք կայացած հայկական հետախուզություն, բայց պետք է տեղ տանք տեղական արտադրողին: Ստեղծածը մնում է օդի մեջ, քանի որ պատվեր չկա: Հույս ունեմ, որ  կփոխվի այս ամենը, զարկ կտանք տեղական արտադրությանն ու հասարակ ականանետի ականը ՌԴ-ից չենք գնի, տեղում կարտադրենք՝ ավելի էժան ու որակով»,- ասաց  նա:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս