«Ես կարծում եմ՝ այդ ցուցակը ձեզ դուր կգա». Արայիկ Հարությունյան

«Մարդիկ իրենց համար հողմաղացներ են հնարում, պայքարում այդ հողմաղացների դեմ, բայց այդ հողմաղացներն իրականում չկան»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ ՀՀԿ-ի խաժամուժը մտնում է ՔՊ-ի ցուցակ:

Նա կոչ արեց սպասել, մինչև իրենց ցուցակը կհրապարակվի. «Հետո ինքներդ կարող եք գնահատական տալ, թե ինչ խաժամուժ է ընդգրկված այդ ցուցակում: Ես կարծում եմ՝ այդ ցուցակը ձեզ դուր կգա»:

Թե ովքեր են ՔՊ-ի ցուցակում ներառված 3-4 ՀՀԿ-ականները, Ա.Հարությունյանը չբացահայտեց. «Կհրապարակվի՝ կիմանաք»:

Նա հաստատեց լեգենդների իսկությունը, որ ՔՊ-ին անդամագրվելու համար ամիսների հերթեր են գոյացել. «Դա լեգենդ չէ, մենք խոսել ենք այդ մասին, դա իրականություն է, մենք շատ լուրջ ֆիլտրեր ենք դրել, որովհետև անմիջապես հեղափոխությունից հետո հազարներով սկսեցին անդամագրվել ՔՊ-ին»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով ՔՊ-ին ուսուցիչների անդամագրման խնդրին՝ Հարությունյանը նշեց, որ դա օրենքով արգելված չէ, սակայն ապագայում կրթական ոլորտը գուցե օրենսդրորեն ապաքաղաքականացվի, այսինքն՝ լինի մի համակարգ, որ ինչպես իրավապահներն են աշխատանքի անցնելիս դադարեցնում մասնակցությունը քաղաքական կառույցներին, այնպես էլ ուսուցիչները դպրոցում աշխատանքի անցնելիս որոշ ժամանակով դադարեցնեն իրենց անդամությունը կուսակցություններին:

Տեսանյութեր

Լրահոս