Բացահայտվել է 5․000․000 դրամ կաշառք տալու փորձին օժանդակելու դեպք
ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձին միջնորդի միջոցով առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու փորձերի և պետական ծառայություն իրականացնող ՊԵԿ պաշտոնատար անձի՝ իր պաշտոնեական կարգավիճակն օգտագործելով, կաշառք տվողի ու ստացողի միջև համաձայնությանը նպաստելու վերաբերյալ ՊԵԿ քննչական ծառայությունից ստացված տեղեկատվության կապակցությամբ նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ։
Գործի նախաքննության շրջանակում, Հատուկ քննչական ծառայության, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ և ՊԵԿ աշխատակիցների ձեռնարկած միջոցառման արդյունքում, ապացույցներ են ձեռք բերվել, որ ՊԵԿ ավագ հարկային տեսուչ Արտակ Պետրոսյանը, տեղյակ լինելով ՊԵԿ քննչական վարչությունում քննվող մի ընկերության վերաբերյալ քրեական գործի մասին, իրեն ծանոթ՝ այդ ընկերության հաշվապահությունն իրականացնող գրասենյակի փոխտնօրեն Արտյոմ Գասպարյանին համոզել ու դրդել է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ։ Ըստ Պետրոսյանի՝ կաշառքը հասցեատերերին հասնելու դեպքում քրեական գործի վարույթը պետք է կարճվեր։ Ստանալով Գասպարյանի համաձայնությունը՝ Պետրոսյանը 2018 թ․ հունիս-հոկտեմբեր ամիսներին նրանից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 5․000․000 դրամ։
Հոկտեմբերի 30-ին Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել ձերբակալել Արտակ Պետրոսյանին, ինչը հանձնարարվել է ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցներին։
Նոյեմբերի 1-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հացագործությունների հակազդման վարչության և Հատուկ քննչական ծառայության աշխատակիցների համատեղ միջոցառման արդյունքում, Արտակ Պետրոսյանը հայտնաբերվեց Հանրապետության հրապարակում և, կաշառք տալու փորձին օժանդակելու և խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանություն, ապա ներկայացվեց նախաքննական մարմին։ Նախաքննական մարմին ներկայացվեց նաև Արտյոմ Գասպարյանը։
Հարուցված քրեական գործի քննության ընթացքում, Արտակ Պետրոսյանը կալանավորվել է կաշառք տալու փորձին օժանդակելու և խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու, իսկ Արտյոմ Գասպարյանը՝ կաշառք տալու փորձի մեղադրանքով։
Նախաքննությունը շարունակվում է։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: