«Երջանիկ եմ, որ Արուսը նման համերգ է նախաձեռնել` ի հիշատակ իմ սիրելի հորեղբոր»
Հայ կոմպոզիտորական դպրոցի ներկայացուցիչ Կոնստանտին Օրբելյանի 90-ամյա հոբելյանը կնշանավորվի դաշնակահար Արուս Աճեմյանի մենահամերգով: Այն տեղի կունենա նոյեմբերի 3-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Երեկոյին կհնչեն ինչպես Օրբելյանի, այնպես էլ կոմպոզիտորի ժամանակակիցների ստեղծագործություններ:
«Համերգային ծրագիրն ինձ համար շատ պատասխանատու է, քանի որ այն նվիրում եմ իմ սիրելի մաեստրոյի հոբելյանին: Կատարելու եմ Օրբելյանի հինգ դաշնամուրային ստեղծագործությունները, որոնք ինձ են նվիրված, և որոնք ես բազմիցս նվագել եմ աշխարհի տարբեր ծայրերում: Ներկայացնելու եմ նաև Օրբելյանի ընկերների` Սարյանի, Միրզոյանի, Բաբաջանյանի, Աճեմյանի գործերը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց դաշնակահարուհին:
Նա ընդգծեց, որ Կոնստանտին Օրբելյանից շատ բան է սովորել` մանրակրկիտ աշխատանք, բեմական վարվելաձև: «Իմ առաջին բեմական քայլերից սկսած Կոնստանտին Օրբելյանը կողքիս է եղել»,-շեշտեց դաշնակահարուհին:
Երաժշտագետ Օլյա Նուրիջանյանն ասաց, թե պատահական չէ, որ Արուսն արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման և ՀՀ նախագահի մրցանակի, քանի որ նա աշխարհով մեկ ներկայացնում է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: «Կոնստանտին Օրբելյանը Արուս Աճեմյանի համար ստեղծագործություններ է գրել և այդ նոտաները նվիրել նրան: Հետագայում Արուսը կորոշի, թե ում է արժանացնելու այդ ստեղծագործությունները կատարելու պատվին»,-նշեց նա:
Նուրիջանյանը նշեց, որ այն դաշնամուրային գործերը, որոնք հնչելու են համերգին, Հայաստանի հանդեպ Օրբելյանի կարոտի արտահայտությունն են:
«Երջանիկ եմ, որ Արուսը նման համերգ է նախաձեռնել` ի հիշատակ իմ սիրելի հորեղբոր: Արուսը և Օրբելյանը շատ մտերիմ են եղել: Նա ասես այն դուստրն էր, որի մասին միշտ երազել էր Կոնստանտին Օրբելյանը: Ես շատ երախտապարտ եմ, որ Արուսը կատարում է Օրբելյանի ստեղծագործությունները: Նա ամենուր է հնչեցնում այդ հրաշալի, վառ, ինքնատիպ գործերը, որոնք տիպիկ օրբելյանական ոճով են»,-ասաց Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը:
Խոսելով օպերային թատրոնում Կոնստանտին Օրբելյանի հոբելյանի կապակցությամբ համերգային ծրագիր կամ որևէ ներկայացում իրականացնելու մասին` Օրբելյանը նշեց, որ թատրոնը բավականին ծանրաբեռնված տարի է ունեցել` հագեցած առաջնախաղերով: Դա է պատճառը, որ դեռ չեն հասցրել իր հորեղբորը նվիրված ծրագիր իրականացնել: «Չնայած այդ ամենին` պատրաստվում ենք օպերային թատրոնի բեմ բարձրացնել «Անմահություն» բալետային ներկայացումը»,-եզրափակեց նա: