Բաժիններ՝

«Արամ Հարությունյանի «կռիշն» էլ ծակվեց». Սիլվա Համբարձումյանը մանրամասնում է Հարությունյանին կաշառք տալու գործը

Գործարար Սիլվա Համբարձումյանի և ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի շուրջ 2015 թվականից ընթանում է աղմկահարույց գործ՝ կապված կաշառք տալու և վերցնելու հետ։

Ըստ Սիլվա Համբարձումյանի, 2008 թվականին Սյունիքի մարզում մետաղական հանք շահագործելու համար 14 մլն դոլար կաշառք է տվել Արամ Հարությունյանին, քանի որ վերջինս այդպես է պահանջել։ Գումարը Ս. Համբարձումյանը փոխանցել է Ա. Հարությունյանի տված հաշվեհամարին՝ Արաքս Դիլանյանի անունով, որից հետո ձեռք է բերել հանքի շահագործման լիցենզիա, սակայն, ինչպես գործարարն է պնդում, իրեն անմիջապես անօրինական ձևով զրկել են լիցենզիայից։

«2008 թվականին կաշառք տալն օրենքով դեռևս քրեորեն պատժելի չէր։ Այս աղմկահարույց գործն ընթանում է 2015 թվականից, որի ընթացքում երկու անգամ կասեցվել է։ Երբ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին հայտարարություն տվեցի  6-րդ վարչությունում, գործը գնաց Հատուկ քննչական ծառայություն, քանի որ Արամ Հարությունյանը հանդիսանում էր պետական պաշտոնյա և այդ ժամանակ, կարծեմ, Կոտայքի մարզպետն էր։

Մի քանի անգամ նրան հարցրել եմ, թե մեր հարցն ինչպես է լուծվելու, ամեն անգամ նա մի բան խաբում էր։ Իսկ արդեն 2015 թվականի փետրվարին նա ինձ ասաց, թե՝ գնա, ինչ ուզում ես արա, ես քեզ փող չեմ տալու, ես էլ հայտարարություն ներկայացրեցի 6-րդ վարչություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սիլվա Համբարձումյանը։

Ըստ նրա, այս գործի ընթացքից տեղյակ է եղել նաև Բաղրամյան 26-ը, և նրան վստահեցրել են, որ իր տված գումարները կվերադարձնեն հենց Բաղրամյան 26-ից։ Սակայն, ինչպես Սիլվա Համբարձումյանն է պնդում, 2017 թվականին անհայտ պատճառներով գործը կասեցվել է, որի մասին իրեն տեղյակ չեն պահել։

«Հատուկ քննչական ծառայության քննիչ Կոստանյանն ինձ ասաց, որ ճիշտ է՝ փոխանցումն արել եմ, բայց իրենք դեռ չգիտեն, այդ փոխանցումը տեղ հասե՞լ է, թե՞ ոչ։ Դուբայից բերեցին այն կնոջը, որի հաշվեհամարին ես փոխանցել եմ 8 մլն դոլարը, նա ինձ չէր ճանաչում, ես էլ՝ նրան, քանի որ հաշվեհամարն ինձ տվել էր Արամ Հարությունյանը։ Երբ Դուբայի իմ գործընկերները բանկից թղթերն ուղարկեցին, ըստ որոնց՝ փոխանցումը եղել էր, ամբողջ քննչական ծառայությունը շոկի մեջ ընկավ, սակայն սա չխանգարեց, որ կրկին գործը կասեցնեն»,- տեղեկացրեց Ս. Համբարձումյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ գործին նոր ընթացք տալու համար իշխանափոխությունից հետո դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, որն էլ ընդառաջ է գնացել իր հայտարարությանը։
Սիլվա Համբարձումյանի պնդմամբ՝ Սևանի հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Կարապետյանը, Վիկտոր Մարտիրոսյանը և Արմեն Խաչատրյանն այն նույն օրը, երբ ինքը գումարը փոխանցել է Արաքս Դիլանյանի հաշվեհամարին, գնացել են Դուբայ և այդ գումարը ստացել են իրենց հաշվեհամարին։ Այս ամենով էլ ապացուցվել է, որ Սիլվա Համբարձումյանը փոխանցումը կատարել է, իսկ Արաքս Դիլանյանն էլ փոխանցել է Արամ Հարությունյանի ազգականների և ընկերների հաշվեհամարին։

«Երբ Արամ Հարությունյանը պատգամավոր էր, նրան վստահեցրել էին, որ ոչինչ չի փոխվելու, նա շատ ինքնավստահ էր, բայց կարծում եմ՝ այժմ նրա ինքնավստահությունը չկա, ինչպես ասում են՝ նրա «կռիշն» էլ ծակվեց»:

Այս պահին Սիլվա Համբարձումյանը գործում ներգրավված է՝ որպես տուժող։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս