«Փաշինյանը պետք է իր խոստման տերը լինի և բոլորին պարզ ասի, որ Հայաստանը Իրանի հետ հարաբերությունները չի վատացնելու». Գառնիկ Իսագուլյան

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այն հայտարարությանը, որ ԱՄՆ-ը փորձում է սեղմել Իրանի շուրջ օղակը, նկատեց, որ տարածաշրջանում Հայաստանի միակ և անդավաճան հարևանն Իրանի Իսլամական Հանրապետությունն է։

Ըստ նրա, հայ-վրացական հարաբերությունները նույնպես բարիդրացիական են, սակայն եղել են իրավիճակներ, երբ Հայաստանի համար փակվել է այդ հյուսիսային ճանապարհը, իսկ հարավային ճանապարհը երբեք չի փակվել։

«Իրանը մի երկիր է, որի հայությունը կարող է ասել, որ 1604 թվականից սկսած համայնքը տասնապատկվել է։ Եթե վերջին 70 տարիների ընթացքում որևէ պետությունում հայկական Առաքելական եկեղեցի չի կառուցվել, Իրանում կառուցվել է։ Երկու տարի առաջ այցելեցի Սպահան նահանգի Փերիա գյուղ, այնտեղ այսօր այլևս հայ չկա, սակայն երեք հայկական եկեղեցիներ պարսիկների միջոցով վերականգնվում էին, իսկ հայկական գերեզմանոցներն այն աստիճան մաքուր էին պահում, որ նույնիսկ Հայաստանում այդպես չէ։ Այսքանից հետո ի՞նչ եք կարծում, ելնելով ինչ-որ մեկի աշծարհաքաղաքական շահերից՝ մեր հարաբերությունները  պետք է փոխե՞նք Իրանի հետ, իհարկե՝ ոչ»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը։

Նրա խոսքով՝ ժամանակին բարձր մակարդակի հանդիպումներ է ունեցել ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնք խնդիր ենք բարձրացրել, թե Հայաստանը հարավային դարպասում բավականին ակտիվ է։

Կարդացեք նաև

«Այդ ժամանակ ես էլ պատասխանեցի, որ 1946 թվականին ԱՄՆ-ը Բեռլին  ինքնաթիռներով քարածուխ էր ներկրում, եթե Հայաստանը հայտնվի շրջափակման մեջ, քանի որ հյուսիսից ցանկացած պահի կարող է դա ունենալ, ԱՄՆ-ը պատրա՞ստ է ինքնաթիռներով քարածուխ ներկրել Հայաստան, մենք ինչպե՞ս ենք անելու»,- ընդգծեց Գ. Իսագուլյանը և հավելեց, որ կան հարցեր, որոնց վերաբերյալ Հայաստանը պետք է հայտնի իր հստակ դիրքորոշումը։

Գառնիկ Իսագուլյանը նաև հիշեցրեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախկինում հայտարարել էր, որ Հայաստանն Իրանի հետ երբեք չի վատացնելու իր հարաբերությունները, ուստի այժմ պետք է իր խոստման տերը լինի և այդ մասին պարզ ասի բոլորին։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս