Հունվար-սեպտեմբեր ամիսներին աշխատանք է գտել 8785 մարդ
2018թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 43%-ով ավելացել է աշխատանք գտած քաղաքացիների թիվը:
Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ աշխատանքի տեղավորված քաղաքացիների թիվը նախորդ տարվա համեմատ սկսել է ավելանալ ընթացիկ տարվա ապրիլ ամսից սկսած: Ընդհանուր առմամբ հունվար-սեպտեմբեր ամիսներին աշխատանքի է տեղավորվել 8785 մարդ, որից հուլիսին՝ 1149, օգոստոսին՝ 1309, սեպտեմբերին՝ 1070 մարդ:
Հրապարակված տվյալների համաձայն՝ 2018թ.-ի երկրորդ եռամսյակում զբաղվածության մակարդակը աճել է 1.6%-ով՝ 2017թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ` կազմելով 46.4%: Միևնույն ժամանակ գործազրկության մակարդակը 2018թ.-ի երկրորդ եռամսյակում կազմել է 20.2 %, որը 2017 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0,4 %-ով:
Աճ է նկատվել նաև միջին ամսական անվանական աշխատավարձերի գծով: 2018թ.-ի երկրորդ եռամսյակում այն աճել է 3.7%-ով մեկ և ավելի աշխատող ունեցող կազմակերպություններում և 5.1%-ով՝ 50 և ավելի աշխատող ունեցող կազմակերպություններում:
Հունվար-սեպտեմբեր ամիսներին նկատվել է թերզբաղվածության մակարդակի անկում. եթե 2017թ-ի երկրորդ եռամսյակում այս ցուցանիշը կազմում էր 5.8%, ապա 2018թ.-ի նույն ժամանակահատվածում թերզբաղվածության մակարդակը հասել է 2.9%-ի, ինչը վկայում է այն մասին, որ նվազել է աշխատուժի թերօգտագործման աստիճանը: